Գերմանիայում անցկացրած ժամանակը շատ մեծ առավելություններ տվեց ինձ: Ես սկսեցի աշխատել մի ինստիտուտում, որտեղ ուսումնասիրում էին հրեական Հոլոքոստը: Այդ մասին Մուշեղ Իսախանյանի հետ հարցազրույցում ասել է Կալիֆոռնիայի համալսարանի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրերի տնօրեն Թաներ Աքչամը:
«Ես ուզում եմ նաև նշել, որ Թուրքիայում ևս բազմաթիվ համալսարաններում կան հեղինակներ, որոնք լայնորեն պաշտպանում են այն թեզերը, որոնք ես եմ առաջ քաշում, և ասեմ ավելին՝ իրենց հետ կան երիտասարդ գիտաշխատողներ, որոնք լայնորեն աշխատում են այս թեմայով և իրենք էլ իրենց աշխատանքներով ապացուցում են Ցեղասպանության ողջ իրողությունը և սարսափը»,- նշեց նա:
Թաներ Աքչամը նշեց, որ հայ հասարակությունը մեկ-երկու տարի անց հնարավորություն կունենա ծանոթանալ իր դեռևս չվերջացրած գրքին, որտեղ մասնավորապես Հայոց ցեղասպանությունը վկայող փաստաթղթեր են: «Օրինակ՝ իմ ձեռքի տակ կա 1914 թվականի դեկտեմբերի 1-ի օրիգինալ փաստաթուղթը, որտեղ հայ տղամարդկանց բնաջնջման հրամաննն է Վանի և Բիթլիսի շրջաններում, այս հրամանն ուղարկվել է. սա արխիվում կա»,- ասաց նա: