ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարության տվյալներով՝ Միացյալ Նահանգները սկսել է զորքեր և ռազմական տեխնիկա տեղափոխել Եվրոպա՝ դաշնակիցների և գործընկերների հետ DEFENDER 25 լայնածավալ զորավարժություններին մասնակցելու համար։
Եվրոպա կժամանի ընդհանուր առմամբ 5400 ամերիկացի զինծառայող։ Մայիսի 11-ից հունիսի 24-ը կայանալիք զորավարժություններին, բացի Միացյալ Նահանգներից, որն անցկացնելու է զորավարժությունները, կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի 18 անդամ և գործընկեր երկիր։
ԱՄՆ ուժերի DEFENDER 25-ի շրջանակներում կանցկացվի զորավարժությունների երեք հիմնական փուլ՝ Swift Response, Immediate Response և Saber Guardian: Ընդհանուր առմամբ, դրանց կներգրավվի ԱՄՆ-ի, դաշնակիցների և գործընկերների մոտ 25000 զինծառայող, որոնք կաշխատեն համակարգման, մարտավարության և սարքավորումների համատեղելիության բարելավման ուղղությամբ։
Մայիսի 11-31-ը Swift Response ծրագրի շրջանակներում հինգ օդադեսանտային գործողություն կիրականացվի Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Լատվիայում, Լիտվայում և Շվեդիայում։ Կփորձարկվի Հեռավոր Հյուսիսում և Բալթյան երկրների մարտադաշտում կարևորագույն հնարավորությունների ընդլայնումը։
Immediate Response-ը զորավարժությունների երկրորդ փուլն է, որի շրջանակում մոտավորապես 12000 ԱՄՆ դաշնակից և գործընկեր երկրների զինվորական մայիսի 26-ից հունիսի 9-ը կիբերպաշտպանության զորավարժություններ կանցկացնի ութ երկրում (Ալբանիա, Բուլղարիա, Խորվաթիա, Հունաստան, Կոսովո, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա և Սլովակիա)։
Վերջին փուլը՝ Saber Guardian-ը, որը կտևի հունիսի 9-24-ը, նպատակ ունի բարելավել ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր ուժերի միջև համակարգումը։ Զորավարժությունների այս փուլը, որին կմասնակցի մոտ 10000 բազմազգ ուժերի անձնակազմ, կանցկացվի Չեխիայում, Հունգարիայում և Ռումինիայում։ Մասնավորապես, կմշակվեն զորքերի երթեր, գետերի վրայով անցումներ, կիրականացվեն մարտական հրետանային ու հրթիռային հրաձգություններ։