Ամերիկյան դատարանը կարգադրել է Սպիտակ տանը վերականգնել Associated Press-ի (AP) լրագրողների մուտքն Օվալաձև աշխատասենյակ, նախագահական օդանավ և այլ տարածքներ, եթե դրանք բաց են մյուս լրագրողների համար: Դաշնային դատավոր Թրևոր Մաքֆադենը ապրիլի 8-ին ասել է, որ իր որոշումը կայացնելիս հիմնվել է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղման վրա, որը երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը:
Կառավարությունը կարող է բողոքարկել որոշումը մինչև ապրիլի 13-ը։
Փետրվարի կեսերին Associated Press-ի աշխատակիցներին արգելվել էր մուտք գործել Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ և նախագահական ինքնաթիռ, քանի որ խմբագրությունը հրաժարվել էր իր հրապարակումներում Մեքսիկական ծոցի անվանումը փոխել Ամերիկայի ծոցով՝ չնայած Թրամփի հրահանգին: Սպիտակ տան մամուլի ծառայությունը գործակալությանը մեղադրել է «ապատեղեկատվության» համար։
Թրամփն իր երկրորդ նախագահական ժամկետի առաջին իսկ օրը ստորագրել է Մեքսիկական ծոցը վերանվանելու մասին հրաման: Ծոցը Մեքսիկական է կոչվում 16-րդ դարից։