Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։
Մասնակիցներից Լեհաստանը ներկայացնող Միխալ Շչերբան հայտարարել է, որ քննարկումը կազմակերպվել է ճիշտ ժամանակին։
«Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանի իշխանությունները որոշեցին փոխել արտաքին քաղաքականության ուղղությունը։ Եթե մենք մտածում ենք Արևմուտքի հետ Հայաստանի հետագա ինտեգրման մասին, ապա պետք է խորացնենք մեր տնտեսական կապերը նրանց հետ։
Հայաստանում պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինենք։ Պետք է նաև երկարաձգել քաղաքացիական առաքելության գործունեությունը»,- ասել է Շչերբան՝ հավելելով, որ այդ դեպքում ԵՄ-ն կարող է միջնորդական դերակատարում ունենալ։
Նա նաև շեշտել է, որ Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին ստացվող տեղեկությունները չեն կարող աննկատ մնալ։
«Մենք պետք է պայքարենք եվրոպական արժեքների, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության համար»,- նշել է եվրապատգամավորը։