Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։ Քննարկմանը ելույթ է ունեցել Ֆրանսիան ներկայացնող Նատալի Լուազոն։
«Այսօր այստեղ ենք՝ պահանջելու ազատ արձակել Բաքվի կողմից պահվող 23 հայ պատանդներին, որոնց նկատմամբ անարդար դատավարություն է իրականացվում։ Ընթացող այս դատավարությունը կարելի է համեմատել ստալինյան դատավարությունների հետ»,- նշել է պատգամավորը՝ շեշտելով, որ պատանդները զրկված են արդար վերաբերմունքից։
Լուազոն Եվրախորհրդարանի ամբիոնից դիմել է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման համար։ Նա նշել է, որ վերջերս էր Հայաստանում, և հույս է հայտնել, որ Կալլասը նույնպես շուտով կայցելի Երևան։
«Դուք կտեսնեք մի երկիր, որը ցանկանում է խաղաղություն, երազում է Եվրոպայի մասին, որի հարևանությամբ Ադրբեջանն է, որը շարունակում է սպառնալ և հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ դաշնակիցներից մեկը: Հուսով եմ, որ կդիմադրեք նրանց, ովքեր կոչ են անում համաչափ մոտեցում ցուցաբերել Երևանի և Բաքվի նկատմամբ: Հուսով եմ, որ հաշվի կառնեք նաև, որ Ադրբեջանը թշնամական միջամտության քաղաքականություն է վարում Ֆրանսիայի նկատմամբ, և դա չի կարող անարձագանք մնալ»,- եզրափակել է Եվրախորհրդարանի պատգամավորը։