Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։
Դրա շրջանակում Պորտուգալիան ներկայացնող Կատարինա Վիեյրան հայտարարել է, որ Ադրբեջանը կանգնած է մարդու իրավունքների խոր ճգնաժամի առաջ։
«Ադրբեջանի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատության համար, ինչպես նաև իրավապահ համակարգը զենք է դարձրել իր քննատների դեմ:
Բաքվում պահվող հայերն այն խմբերից է, որն ամենաշատն է տուժել այդ կառավարության քաղաքականությունից: Վատ վերաբերմունքը համատարած է, իսկ արդար դատավարությունները դարձել են պատրանք»,- նշել է եվրապատգամավորը։
Նա դրական է գնահատել, որ ԵՄ խորհրդարանը հետևողականորեն անդրադառնում է իրավիճակին, սակայն միաժամանակ ցավով արձանագրել է, որ Եվրախորհրդարանը, կարծես, միակ ԵՄ ինստիտուտն է, որ դա անում է։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերենք մեր արժեքները տնտեսական և էներգետիկ շահերին։ Սա ոչ միայն կեղծավորություն է, այլև կախվածություն է առաջացնում՝ մեզ խոցելի դարձնելով շանտաժի համար:
Մենք դասեր չե՞նք քաղել Ռուսաստանից նախկինում ունեցած մեր կախվածությունից։ Ժամանակն է, որ մարդու իրավունքները գերադասենք էժան նավթից և գազից»,- նշել է Կատարինա Վիեյրան։