Էլեկտրամոբիլների մասով ֆիզիկական անձանց տրամադրված քվոտան՝ 5000 էլեկտրամոբիլների չափով, սպառվել է, բայց պաշտոնական դիլերների քվոտայից սպառվել է մոտավորապես 10 տոկոսը: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 5-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այս ֆենոմենի բացատրությունը կա՞ ինչ-որ տեղ: Հիմա մենք լուրջ հավատում ենք, որ դիլերներն այս ընթացքում ընդամենը 300 գործա՞րք են արել պաշտոնական: Ես դրան չեմ հավատում: Կներեք, ինձ մոտ տպավորություն է, որ պաշտոնական դիլերները պետությանը, քաղաքացիներին մոլորեցնում են: Այսինքն՝ իրենք նույն իրենց գումարն աշխատում են, նույն կերպ մեքենաները բերում են, ուղղակի գրանցումն անում են ֆիզիկական անձանց անունով ու իրենց քվոտաներին էլ ձեռք չեն տալիս, տաք-տաք պահում են ֆիզանձանց քվոտան սպառելու համար, ու հետո, ունենալով մենաշնորհ, քանի որ ֆիզանձով էլ չի լինում բերել՝ գները մի հատ էլ բարձրացնելու են:
Կարծում եմ՝ պետք է վերանայել ու հասկանալ, եթե այդպես է տեղի ունեցել, ապա այդ քվոտան առհասարակ ազատականացնենք, այդ քվոտան, որ կա դիլերների համար, էլ դիլերներինը չլինի, լինի համընդհանուր, որովհետև դիլերները բարեխիղճ չեն»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ևս չի հավատում, որ դիլերները 300 էլեկտրական ավտոմեքենա են ներկրել:
«Ես ավելի քան վստահ եմ՝ մեր հաջորդ քառօրյայի ժամանակ 1000-ից ավելի քաղաքացի է լինելու, որ ներմուծած է լինելու էլեկտրական մեքենա, և պարզվելու է, որ քվոտայից չի կարող օգտվել:
Ես կարծում եմ՝ կարելի է մեկ այլ տարբերակով գնալ՝ որոշակի ժամկետ տալ դիլերներին և ասել, որ, օրինակ, մինչև պայմանականորեն սեպտեմբերի 1-ը չեք լրացնում, քվոտան անցնում է ֆիզանձերին»,- ասաց նա:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը արձագանքեց՝ վերջին 10-15 օրերի ընթացքում նման մտահոգություններ՝ նամակների տեսքով, նաև ՊԵԿ-ին են հասցեագրվել:
«Իհարկե կա այդպիսի վարկած, որ ավտոարտադրողների ներկայացուցիչները նման վարքագիծ են դրսևորել»,- ասաց նա՝ նշելով, որ գործընկեր կառույցների՝ էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի հետ այժմ զբաղվում են այդ հարցով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ֆիզիկական անձանց համար նախատեսված մաքսային արտոնությամբ 5000 էլեկտրամոբիլների ներկրման քվոտան սպառվել է, դիլերներն այս ընթացքում սպառել են սահմանված 3000 քվոտայից մոտ 500-ը: Ավտոներկրողներն առաջարկում են չսպառված այդ քվոտաներից իրենց որոշակի քանակ հատկացնել: