Միացյալ Նահանգների կառավարության տված թույլտվությունը, որը հնարավորություն է տալիս էներգետիկ հսկա Chevron Corp.-ին վենեսուելական նավթ արդյունահանել և արտահանել, այս շաբաթ կդադարեցվի՝ չորեքշաբթի հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ վերջ դնելով այն ամենին, ինչը ֆինանսական փրկօղակ էր դարձել հարավամերիկյան երկրի համար՝ գրում է NPR-ը:
Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը, որ անցյալ տարվա հուլիսին նախագահի ընտրության անցկացման համար չէին ապահովվել դեմոկրատական պայմանները: Այդ կապակցությամբ Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել նախկին նախագահ Ջո Բայդենի՝ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին 2022 թվականի նոյեմբերի 26-ի նավթային գործարքի շրջանակներում տրամադրված զիջումները։ Թրամփը նշել է, որ օրենքը կգործի մարտի 1-ին։
2022 թվականին Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լիցենզիա էր տվել Մադուրոյին՝ պայմանով, որ նա համագործակցելու էր Վենեսուելայի քաղաքական ընդդիմության հետ ժողովրդավարական ընտրություն անցկացնելու հարցում:
ԱՄՆ նախագահը Կարակասին մեղադրել է նաև, որ բավական արագ չի գործում Միացյալ Նահանգներից արտաքսման ենթակա ներգաղթյալներին Վենեսուելա վերադարձնելու համար:
«Վենեսուելան ունի աշխարհի խոշորագույն հետախուզված նավթի պաշարները և ժամանակին դրանք օգտագործել է Լատինական Ամերիկայի ամենաուժեղ տնտեսությունը հզորացնելու համար։ Բայց կոռուպցիան, սխալ կառավարումը և, ի վերջո, ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները հանգեցրին արդյունահանման կայուն անկման»,- գրել է լրատվականը:
Ավելի քան 7,7 միլիոն վենեսուելացիներ լքել են իրենց հայրենիքը 2013 թվականից ի վեր, երբ նավթից կախված երկրի տնտեսությունը փլուզվել է և Մադուրոն դարձել նախագահ: Նրանց մեծ մասը բնակություն է հաստատել Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, բայց համաճարակից հետո նրանք ավելի ու ավելի են իրենց հայացքն ուղղում դեպի ԱՄՆ: