Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ հանդես է գալիս Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով երկխոսության վերսկսման օգտին։
Մակրոնը հայտնել է, որ կողմ է Ուկրաինայի հետ համաձայնության արագ ձեռքբերմանը, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է փխրուն չլինի։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունում է Եվրոպայի կողմից հրադադարի համաձայնագրի շրջանակում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը:
«Ես այդ հարցը նրան տվել եմ, նա խնդիր չի տեսնում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ֆրանսիայի նախագահն էլ նշել է, որ նախ անհրաժեշտ է համաձայնության գալ հրադադարի, ապա խաղաղության համաձայնագրի շուրջ, որը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ: Մակրոնի խոսքով՝ դրանց ապահովման գործում Եվրոպան պետք է իր դերակատարումն ունենա:
«Մենք պատրաստ ենք տրամադրել անվտանգության երաշխիքներ, որը կարող է ներառել նաև զորքերի ուղարկում, բայց դրանք այնտեղ կլինեին խաղաղությունը պահպանելու համար», - ասել է Մակրոնը:
Դոնալդ Թրամփը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները «շատ մոտ է» Ուկրաինայի հետ հանածոների վերաբերյալ գործարքի կնքմանը, և որ ինքը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում՝ համաձայնագիրը կնքելու համար:
Թրամփին հարցրել են, թե արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է տարածքներ զիջել Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու բանակցությունների շրջանակում, Թրամփը պատասխանել է. «Տեսնենք»՝ հավելելով, որ բանակցությունները նոր են սկսվում:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: