ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Զելենսկու պահվածքից և որոշ դեպքերում՝ միանգամայն իրավացիորեն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հիշեցնելով, որ նախկին նախագահ Ջո Բայդենը նույնպես տարաձայնություններ ուներ Զելենսկու հետ։ Ռուբիոն նշել է, որ Ուկրաինայի նախագահի որոշ հայտարարություններ Վաշինգտոնում զայրույթ են առաջացնում։ «Մենք նրա հետ քննարկել ենք հանքային հանածոների հարցը, առաջարկել համագործակցություն, նա համաձայնել է, ասել, որ այն կներկայացնի խորհրդարանի քննարկմանը, իսկ երկու օր անց հրապարակավ մերժել է այդ գաղափարը»,- ընդգծել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում մնում է անփոփոխ, սակայն Սպիտակ տան ղեկավարը հարգանք է պահանջում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Էր Ռիադում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի հետ կապված տարածքային հարցերը չեն քննարկվել: Քննարկվել են Ուկրաինայում խաղաղ գործընթացի հեռանկարները, այլ ոչ թե հնարավոր համաձայնագրի պայմանները։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է խորհրդակցությունները եվրոպացի դաշնակիցների և Կիևի հետ։ «Ուկրաինացիները գիտեն մեր մտադրությունները, մենք կանոնավոր կերպով ամեն ինչ քննարկում ենք նրանց հետ»,- նշել է դիվանագետը: Ըստ նրա՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը նույնպես չի քննարկվել:. «Անգամ եթե մենք հանենք բոլոր պատժամիջոցները, նույնը պետք է անեն նաև եվրոպացիները, որպեսզի դա իմաստ ունենա:
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հեռանկարը կախված է Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացից՝ նշել է դիվանագետը՝ ընդգծելով. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է քննարկվելու և ինչ արդյունքներ կարելի է ակնկալել: Հանդիպման ժամկետը մեծապես կախված է նրանից, թե արդյոք հնարավոր կլինի առաջընթաց գրանցել հակամարտությունը դադարեցնելու հարցում»:
Անդրադառնալով Իրանին՝ Ռուբիոն վստահություն է հայտնել, որ Թրամփի նախագահության օրոք Թեհրանը միջուկային զենք չի ունենա։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։