ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում կառավարության ժամին ելույթ ունենալով անդրադարձել է «3+3» ձևաչափին Վրաստանի մասնակցության հարցին:
«Ի սկզբանե բոլորը համաձայնեցին, որ ունենք «3+3» ձևաչափը, և հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման կասկածներն ու նրբությունները, Վրաստանի ներկայացուցիչների համար նախատեսված աթոռը մշտապես լինելու է այդ ձևաչափի նիստերի դահլիճում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ նման մոտեցում արձանագրվել է նախարարների վերջին հանդիպման ժամանակ։ Լավրովի գնահատմամբ՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հենվում է երկրի ազգային շահերի վրա:
«Եվ կասկած չկա, որ «3+3»-ը բխում է բոլոր մասնակիցների շահերից։ Ի դեպ, դա նախանձ էր առաջացրել ԱՄՆ նախորդ վարչակազմի մոտ, որը փորձում էր «3+3»-ի փոխարեն առաջ տանել «3+1» ձևաչափը, այսինքն՝ հարավկովկասյան երեք երկրներն ու Բայդենի մարդիկ, որոնք պետք է ղեկավարեին նրանց»։
Լավրովը պաշտպանել է պատգամավորների առաջարկը՝ ստեղծել «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ լրացուցիչ համագործակցության մեխանիզմներ կազմակերպելու համար։
«3+3» խորհրդատվական ձևաչափն ընդգրկում է Հարավային Կովկասի երեք երկիրը՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև նրանց հարևան պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: