Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով շահագործումից հանվել է Ռուսաստանի Դաշնության ամենամեծ նավթի պոմպակայանը՝ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը, որի միջոցով Ղազախստանը նավթ է արտահանում Եվրոպա և ԱՄՆ։ Կուբանի կովկասյան շրջանում գտնվող «Կրոպոտկինսկայա» նավթի պոմպակայանը խոցվել է յոթ անօդաչու թռչող սարքով, հայտնել է կոնսորցիումը:
Նույն օրը ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքերի և հրթիռի օգտագործմամբ լայնածավալ հարձակման մասին։ Անցած գիշեր 90 ԱԹՍ է ոչնչացվել Ազովի ծովի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Սև ծովի, Կուրսկի, Ռոստովի, Բրյանսկի և Բելգորոդի շրջանների տարածքների վրա։ Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ազովի ծովի վրայով «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռի ոչնչացման մասին։
Reuters-ի փոխանցմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա, որոնք ուժգնացել են 2025 թվականի սկզբին, շարքից հանել են ռուսական նավթավերամշակման հզորությունների մոտ 10%-ը, մի քանի խոշոր ձեռնարկություն, այդ թվում՝ Ռյազանի, Վոլգոգրադի և Աստրախանի նավթավերամշակման գործարանները, դադարեցրել են վառելիքի արտադրությունը։