Իտալիայում հեռախոսային խաբեբաներն արհեստական բանականության միջոցով ընդօրինակել են պաշտպանության նախարարի ձայնը՝ խոշոր գործարարներից ու կորպորացիաների ղեկավարներից հսկայական գումարներ կորզելու համար, հաղորդում է Euronews-ը։
Երկրի մի շարք մեծահարուստներին զանգահարել են նախարար Գիդո Կրոզետոյի և նրա աշխատակիցների անունից՝ խնդրելով մոտ մեկ միլիոն եվրո փոխանցել Հոնկոնգում գտնվող բանկային հաշվին: Այդ գումարը, իբր, պետք է որպես փրկագիր օգտագործվեր Մերձավոր Արևելքում առևանգված իտալացի լրագրողներին ազատելու համար:
Խաբեբայությունը բացահայտվել է, երբ գործարարներից մի քանիսը զանգահարել են նախարարին և հաղորդել գումարի փախանցման մասին: Կրոզետոն նրանց հայտարարությունը փոխանցել է ոստիկանությանը, Միլանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Առայժմ պարզ չէ՝ խաբեբաները հեռախոսազանգերի ժամանակ օգտագործել են արհեստական բանականության վրա հիմնված ձայնային զտիչ, թե ՊՆ ղեկավարի կեղծ ձայնով աուդիո հաղորդագրություն են ձայնագրել։
Կիբեռհանցագործների ինքնությունը պարզելու համար քննիչները փորձում են հետևել, թե ուր են տեղափոխվել խարդախների նշած բանկային հաշվին մուտքագրված միջոցները։