Դոնալդ Թրամփը հաստատել է Գազայի հատվածը գնելու ծրագրերը։ «Ես մտադիր եմ գնել Գազան ու սեփականացնել այն: Ինչ վերաբերում է տարածաշրջանի վերակառուցմանը, մենք կարող ենք այն մաս-մաս տալ Մերձավոր Արևելքի մյուս պետություններին: Դա կարող են անել մեր հովանու ներքո: Բայց մենք մտադիր ենք տիրել տարածքին, վերցնել այն և համոզվել, որ ՀԱՄԱՍ-ը հետ չի գա: Վերադարձ չկա: Այս վայրը պետք է քանդվի»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա ՀԱՄԱՍ-ից ազատ արձակված իսրայելցի պատանդներին անվանել է «Հոլոքոստը վերապրածներ»։ «Չգիտեմ՝ ինչքան կարող ենք դա հանդուրժել»,- հայտարարել է նախագահը։
Թրամփը վստահ է, որ կհամոզի արաբական երկրներին ընդունել պաղեստինցի փախստականներին Գազայից, և վերջիններն ինքնակամ լքեն հատվածը:
«Միակ պատճառը, որ պաղեստինցիները խոսում են Գազա վերադառնալու մասին, այն է, որ այլընտրանք չունեն։ Երբ նրանք այլընտրանք ունենան, չեն ցանկանա վերադառնալ»,- վստահեցրել է Թրամփը:
Մինչդեռ փետրվարի 1-ին Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ԱԳ նախարարները մերժել են Գազայի հատվածի բնակիչներին արաբական այլ երկրներ տեղափոխելու՝ Թրամփի առաջարկը։