ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ողջունում Ադրբեջանի և Հայաստանի գրանցած առաջընթացը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Մենք կողմ ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստելու առաջընթացին և դեմ ենք հապճեպ ցանկացած փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, հայտարարել է Գալուզինը: Նա ափսոսանք է հայտնել, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման հարցերով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը սառեցվել է։
«Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին և առաջին հերթին մեր հայ ընկերներին այս խմբի շրջանակներում վերադառնալ աշխատանքի։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
Գալուզինը նաև նշել է, որ Մոսկվան Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակ անդամակցության անհնարինությունը: «ՌԻԱ Նովոստիին» էլ տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, թե իբր Արևմուտքը դրդում է Հայաստանին խզել հարաբերություններն այն միությունների հետ, որոնց մասնակցում է Ռուսաստանը։ « ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության երաշխիքը»,- նշել է նա։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: