Վրաստանի խորհրդարանը, որը ներառում է 150 պատգամավոր, լիագումար նիստում դադարեցրել է ընդդիմադիր կուսակցություններից ընտրված 49 խորհրդարանականի լիազորությունները։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Հանուն փոփոխությունների կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունների պատգամավորները անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո խորհրդարան էին ներկայացրել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հայտարարություն։ Նրանք բացատրել էին, որ նման որոշում են կայացրել, քանի որ «իշխանությունները կեղծել են ընտրությունները»։
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Հանուն Վրաստանի»-ն, որը ստացել 12 պատգամավորական մանդատ, հրաժարականի դիմում չի ներկայացրել խորհրդարան։ Միաժամանակ կուսակցությունը, որի ղեկավարը նախկին վարչապետ Գիորգի Գախարիան է, չի մասնակցում խորհրդարանական գործունեությանը՝ իշխանություններին ոչ լեգիտիմ համարելով։