Վրաստանի իրավապահները Թբիլիսիի ծայրամասում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալել են մի քանի ընդդիմադիրի, այդ թվում՝ երկրի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդ Նիկա Մելիային և «Եվրոպական Վրաստան» քաղաքական ուժի անդամներից Գիգի Ուգուլավային, հայտնում է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալվել են նաև մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ:
Ավելի վաղ ընդդիմադիրները հավաքվել էին Թբիլիսիի մատույցների մոտ և փորձել մասնակի փակել մայրուղին: Ոստիկանությունը դա նրանց թույլ չէր տվել, ինչից հետո սկսվել էին ձերբակալությունները:
Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնապես չի հայտնել ձերբակալվածների թիվը:
Քաղաքացիները պահանջել են երկրում անցկացնել խորհրդարանի նոր ընտրություն և ազատ արձակել բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածներին:
Բողոքի անդադար ակցիաները Վրաստանում սկսվել են, երբ 2024-ի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:
Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները ձերբակալել են մի քանի հարյուր մարդու: