Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է անմիջապես իրանցի ժողովրդին․ նա պատմել է, որ իր երկիրը ձգտում է խաղաղություն հաստատել բոլոր հարևանների հետ և կցանկանար նրանց թվում տեսնել նաև «ազատ Իրանը»։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ դա կարող է լինել շուտով՝ «ավելի վաղ, քան շատերը կարծում են»։
«Ուզում եմ հստակ ասել․ Իսրայելը խաղաղություն է ցանկանում, մենք խաղաղություն ենք ցանկանում բոլորի հետ, որ իրական խաղաղություն են կամենում մեզ հետ։ Ես գիտեմ՝ նույնպես, ինչպես մենք ենք ցանկանում խաղաղություն ձեզ հետ, դուք ևս նույնն եք ցանկանում, սակայն տառապում եք ռեժիմի իշխանության ներքո, որը ձեզ ճնշում և սպառնում է։ Գիտե՞ք՝ ինչից է վախենում այս ռեժիմն իրականում՝ ձեզնից, Իրանի ժողովրդից։ Մի օր, ես գիտեմ, դա կփոխվի, մի օր Իրանն ազատ կլինի»,- անգլերենով հայտարարել է Նեթանյահուն։
«Կանայք, կյանք, ազատություն՝ սա է Իրանի ապագան, սա խաղաղ ապագան է, ես կասկած չունեմ, որ մենք այդ ապագան կյանքի կկոչենք միասին և անհամեմատ շուտ, քան շատերը կարծում են։ Ես գիտեմ ու հավատում եմ, որ մենք Մերձավոր Արևելքը կդարձնենք բարգավաճման, առաջընթացի և խաղաղության ամրոց»,- ասել է նա։