Հյուր եք հրավիրել, հարսանիք եք անում, ծնունդ եք անում. եկեք գնանք-նայենք, թե ինչքան արդյունավետ եք դուք ծախսում ճշգրիտ՝ մի մմ ոչ ավել, ոչ պակաս. այդքան ճշգրիտ Կառավարությունն է ծախսում: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գնացեք նայեք՝ ամեն հյուր հրավիրելուց ինչքան ուտելիք եք թափում, ինչքան ուտելիք եք փչացնում, դեպք է լինում՝ չեք ուզում թափեք, ուտում եք, թունավորվում եք: Հեսա Նոր տարի է գալիս, հեսա կսկսեն շտապօգնությունների կալոնաները դեպի թաղամասեր. 7 օրվա բուդը կերանք. մտածում էինք՝ կարող ա էս տարի չթունավորվենք, բայց թարս ա՝ էս տարի էլ թունավորվեցինք»,- նշեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև Կառավարական շենքերի լուսավորությանը:
«Կառավարական շենքերում մեծ ջահեր են, չէ՞. ֆիքսեցի, որ այդ սրահներում, որտեղ ես օրերով չեմ մտնում, և մարդ էլ չի մտնում, էդ ջահերը լրիվ վառած են, այսինքն հոսանք է միացրած, ու էդ պահին ես մեր գործընկերներին ասացի՝ ժողովուրդ ջան, էդ լույսերն ինչի՞ եք վառած պահում. եթե այդտեղ իրադարձություն տեղի չի ունենում, էդ դահլիճի լույսն ինչի՞ եք վառում: Ու սկսեցինք այդ պահից անջատել. բայց հետո հետադարձ սարսափով մտածեցի, թե նախ էս վեցուկես տարվա ընթացքում և դրանից առաջ ուրիշ վեցուկես տարիների ընթացքում ինչքան է այդ ջահը վառվել: Դե գիտեք էս ինչից ա՞. որովհետև միացնող-անջատողն ասում է՝ ով է սրա տերը, պետական փող ա, էլի, հո չե՞ն գալու վերջում ասեն՝ ինչու ես ավել միացրել: Հիմա նայենք, թե էդ ջահերը ինչքան են անիմաստ պետական բյուջեից փող տարել. որ հաշվենք, կարող ա սարսափելի մի թիվ լինի»,-ասաց վարչապետը: