Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն է արել փետրվարի 29-ին Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի մասին, որը հանգեցրել է պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան։
Ըստ ՑԱՀԱԼ-ի խոսնակ Դանիել Հագարիի՝ նախնական ստուգումը հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հարվածել օգնության շարասյունին. պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ:
Դանիել Հագարիի մեկ այլ հայտարարության համաձայն՝ օգնության բեռնատարների մոտ հավաքված պաղեստինցիներից մի քանիսը շատ են մոտեցել իսրայելցի զինվորներին և նրանց համար անմիջական վտանգ ստեղծել։ Դա ստիպել է զինվորականներին կրակել:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտնել է ավելի մանրակրկիտ հետաքննության մեկնարկի մասին, որը կիրականացնի անկախ մասնագիտական և փորձագիտական հանձնաժողովը: Դրա արդյունքը կհրապարակվի առաջիկա օրերին։