Աթենքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:
Վերջինս ողջունել է վարչապետի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Կոնստանտինոս Տասուլասը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական կապերն արտահայտվում են նաև միջպետական հարաբերություններում: Վարչապետը նշել է, որ այսօր կարևոր քննարկումներ են ունեցել Հունաստանի նախագահի և վարչապետի հետ, քննարկել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների լայն օրակարգ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը և հավելել, որ այսօրվա հանդիպումը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությանը:
Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար:
Հաջորդիվ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության տարբեր հարցեր: Հույն պատգամավորներն ընդգծել են, որ դժվարին ժամանակահատվածում Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են: