Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հանդիպել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և պաշտոնատար այլ անձանց հետ: Կողմերը քննարկել են մարտի դաշտում զարգացումները և պաշտպանության ոլորտում Կիև-Վաշինգտոն գործակցության հեռանկարը:
ԱՄՆ ազգային պաշտպանության համալսարանում ունեցած ելույթում Ուկրաինայի նախագահը հայտարարել է՝ այժմ կատաղի մարտերի պայմաններում ուկրաինացի զինվորները պահում են դիրքերը և պատրաստվում հետագա գործողությունների: Նա ընդգծել է 2024 թվականին նոր ձեռքբերումների և առաջընթացի կարևորությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում:
Նա նաև վստահեցրել է, որ Ուկրաինան և ԱՄՆ նախագահի վարչակազմը ջանքեր կգործադրեն՝ հաղթահարելու Կիևին ամերիկյան աջակցության հնարավոր «դադարը» և արդյունքում հաղթանակ տանել մարտի դաշտում: Զելենսկին հորդորել է ԱՄՆ Կոնգրեսին՝ Կիևին աջակցությունը ձգձգելով «լավություն չանել» Ռուսաստանին:
Զելենսկուն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։ Բանակցությունների թեմաներից մեկը եղել է ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Ավելի ուշ հայտարարվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 900 միլիոն դոլարի հերթական տրանշի հատկացմանը:
Մինչ այդ՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսիյ Դանիլովը հայտարարել է, որ հակահարձակումը չի արդարացրել իշխանության սպասելիքները, սակայն դա չի նշանակում, թե Ուկրաինան պարտվում է պատերազմում։ Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցությունը Կիևին: