«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, տասնյակ բեռնատարներով մարդասիրական օգնություն է բաշխել տեղահանված մեր հայրենակիցներին՝ մարզերում գործող իր գործընկեր հասարակական կազմակերպություններիների միջոցով։
Ինչպես հայտնում են հիմնադրամից, հրատապ աջակցությունը ներառում է 1000 ընտանիքի համար նախատեսված 40 տոննա պարեն (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, թխվածքաբլիթ, կարտոֆիլ, թեյ, սուրճ և այլն), մանկական սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ և հիգիենայի պարագաներ։ Արարատի մարզում աջակցությունից օգտվել է 220, Վայոց ձորում՝ 100, Սյունիքում՝ 320, իսկ Գեղարքունիքում 340 տեղահանված ընտանիք։
Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել հումանիտար աջակցության տրամադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Շուրջ 400 մլն դրամ արժողությամբ հումանիտար օգնության երկրորդ փուլը կներառի կենցաղավարման համար առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ մահճակալներ, տաքացուցիչներ, տաք հագուստ, սնունդ, անկողնային և հիգիենայի պարագաներ: Հիմնադրամի աջակցությունից առաջիկա շաբաթներին կօգտվի ավելի քան 2000 ընտանիք: