Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների առջև ծառացած հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցեր: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային՝ ցուցաբերված աջակցության համար:
Ընդգծվել է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում փախստականների կարիքների վերհանման և թիրախային հասցեագրման անհրաժեշտությունը: Այս առումով նշվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև ազգային ընկերությունների փորձառության և փոխաջակցության կարևորությունը: