ՀՀ բուժհաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից տեղահանված 264 բուժառու: Նրանցից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակ միջին ծանրության է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ հիշեցնելով, որ կան պացիենտներ, որոնք բուժումը ստանում են արտերկրում՝ ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Բուլղարիա:
«Այսօրվանից նաև կունենանք բուժառուներ, որոնք կշարունակեն բուժումն Իսպանիայում, ինչպես նաև մեր հիվանդանոցներում ընդգրկված են տարբեր երկրներից եկած տարբեր բժշկական թիմեր՝ Իսպանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, շուտով սպասում ենք նաև Անգլիայից և Իտալիայից»,- ասաց նա:
Առողջապահական առաջնային պահպանման օղակում ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը 18 786 քաղաքացի է, 5 600-ը՝ երեխա, 250-ից ավելի հղի, որոնք նույնպես ստանում են համապատասխան բուժում թե՛ առաջնային օղակում, թե՛ հիվանդանոցներում:
Արտակ Ջումայանը նաև հորդորեց, որ եթե մեր տեղահանվածները Հայաստանում փոխեն իրենց ժամանակավոր բնակության հասցեն, պետք է գրանցվեն տվյալ տարածքի պոլիկլինիկայում:
Առողջապահության նախարարի տեղակալն անդրադարձավ նաև ոլորտում եղած թափուր հաստիքнերի համալրման գործընթացին: Այս պահին 320 տեղահանված բուժաշխատող է գրանցվել, որից 153-ը՝ ավագ, 167-ը՝ միջին բուժաշխատող:
«Մարզերում ունենք 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք»,- ասաց Ջումայանը՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել գրանցման գործընթացին: