Երևանի քաղաքապետի ընտրությունից հետո նորընտիր ավագանին անցավ հանձնաժողովների նախագահների և տեղակալների ընտրությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ ընտրում է Իրավական հարցերի մշտական հանձնաժողով և նախագահի պաշտոնում առաջադրեց Մարատ Թոխյանի թեկնածությունը:
ՔՊ-ն ընտրեց նաև Քաղաքաշինության և հողօգտագործման, ինչպես նաև Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները` առաջինի նախագահի պաշտոնում առաջադրելով Ալեքսանդր Բադալյանի թեկնածությունը, իսկ երկրորդի դեպքում՝ Հայկ Միրզոյանի:
«Հանրապետություն» խմբակցությունը ընտրեց Ֆինանսավարկային և տնտեսական մշտական հանձնաժողովը և նախագահի պաշտոնում առաջադրեց Հայկ Սահակյանի թեկնածությունը: Այս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում իր թեկնածուին՝ Լիանա Քերոբյանին, առաջադրեց ՔՊ-ն:
Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վահան Ավագյանի թեկնածությունն առաջադրեց «Հանրային ձայնը»:
Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ն-ն առաջադրեց Արման Բաբաջանյանի թեկնածությունը:
Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հանրապետությունն» առաջադրեց Գոհար Բալդրյանի թեկնածությունը:
Նշենք, որ ընդդիմության կողմից թեկնածուների առաջադրումից առաջ ՔՊ-ն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ընդդիմության առաջադրած թեկնածուների օգտին:
Ընտրության արդյունքների համաձայն՝ բոլոր թեկնածուների առաջադրումները հաստատվեցին: