Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ-ին աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ չի ապացուցվել, որ այդ երկիրը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ։ «Փիթերսն օրինագիծը ներկայացրել է՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի վրա Ադրբեջանի կառավարության շարունակական հարձակումների: Այս շաբաթվա սկզբին սենատորը Հայաստանում էր՝ այցելելու հայ-ադրբեջանական սահման և ծանոթանալու Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակմանը, որը տարածաշրջանի հայերի համար հումանիտար ճգնաժամ է առաջացրել»,- նշված է սենատորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
«Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է և կօգտագործի իր ռազմական ռեսուրսները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ բռնի հարձակումներ իրականացնելու համար: Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին: Մենք պետք է ընդունենք այս օրինագիծը, որպեսզի արգելափակենք ամերիկյան լրացուցիչ օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցրել իր ագրեսիան տարածաշրջանում»,- ասել է սենատոր Փիթերսը:
Սենատորի՝ հայերի պաշտպանության մասին օրինագիծը նախատեսում է դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանի կառավարությանը, որը ներկայումս թույլատրված է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածով:
Թեև Ազատության աջակցության ակտով, ընդհանուր առմամբ, արգելվում է Ադրբեջանին տրվող երկկողմ աջակցության մեծ մասը, 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո 907-րդ հոդվածում կետ ավելացվեց, որը նախագահին լրացուցիչ հայեցողություն է տրամադրում Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցում: 2002 թվականից ի վեր երկու կուսակցությունների նախագահներն ամեն տարի դիմում են «մերժման իրավունքի» հարցով, և Բայդենի վարչակազմը դեռևս վերանայում է այդ լիազորությունից 2023 թվականին հրաժարվելու հարցը:
Այս շաբաթ Փիթերսը միացել է նաև օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ խմբին, որը կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանն ու ԱՄՆ պետքարտուղարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և դաժան շրջափակման հետ:
Փիթերսն ավելի վաղ անհանգստություն էր հայտնել հայ ժողովրդի վրա ադրբեջանական ռազմական հարձակումների կապակցությամբ և հանդես եկել տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ԱՄՆ-ի լրացուցիչ գործողությունների օգտին:
Վերջերս Փիթերսը ելույթ է ունեցել Սենատում՝ դատապարտելով Ադրբեջանի կառավարության ռազմական ագրեսիան և բռնությունները Հայաստանի նկատմամբ, ու կոչ արել ԱՄՆ-ին աջակցել հայ ժողովրդին: