ԼՂ հարցում վատագույն սցենարի դեպքում, եթե միջազգային հանրությանը չհաջողվի միջնորդել հայկական կողմի համար ընդունելի գործարք, արդյոք ՀՀ կառավարությունը մտածել է ԼՂ հայերի մարդասիրական տարհանման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց է ուղղել «Politico Europe» պարբերականի թղթակիցը` փորձելով հստակեցնել` եթե մեկ այլ կոնֆլիկտ բռնկվի, ՀՀ կառավարությունն արտակարգ իրավիճակների պլան ունի արդյոք:
«Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ կոնֆլիկտը տեղի չունենա, կարծում եմ` միջազգային այն ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է ԼՂ վրա, ԼՂ-ում խաղաղապահների առկայությունը պետք է բավարար մեխանիզմներ դառնան, որ ԼՂ հայերն իրենց տներում արժանապատիվ և անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Այդ թեմայի քննարկումը ես անօգուտ և վտանգավոր եմ համարում: Նման թեմաներ շրջանառության մեջ դնողները փորձում են օրակարգեր դնել սեղանին, որ նշանակում է հետևյալը` եկեք միջազգայնորեն լեգիտիմացնենք ԼՂ հայերի ցեղասպանության և էթնիկ զտման օրակարգը. ով կհասցնի մազապուրծ լինել ԼՂ-ից` շատ լավ, ով` չէ, թող կոտորածի ենթարկվի: Մտքերի ընթացքն անուղղակիորեն քաջալերում է ԼՂ հայերին էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու օրակարգ»,- պատասխանել է վարչապետը: