Փողերի լվացման համար մեղադրվող Սամվել Կճոյանը՝ առավել հայտնի որպես Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան, կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը:
Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Կճոյանը 2010 թվականին ձեռք է բերել Կիպրոսում հիմնադրված կազմակերպություններից մեկի բաժնետոմսերը և այդ ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել է իր սանիկին՝ Աշոտ Սուքիասյանին, այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելուն: Կճոյանի սանիկը կատարել է մի շարք բանկային և առևտրային գործարքներ և վճռաբեկ դատարանի 2021 թվականի որոշմամբ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, սակայն մինչև օրս չի հայտնաբերվել, հայտարարվել է հետախուզում:
Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի ապրիլի 13-ին, Կճոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի խարդախության և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու, փողերի լվացման հոդվածներով: Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Կճոյաննն իրեն մեղավոր չի ճանաչել: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին հանցակազմի բացակայության հիմքով որոշվել էր դադարեցնել Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը և վերացնել ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը: Վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի որոշումը վերացրել էր վաղաժամ և անհիմն լինելու պատճառաբանությամբ: