Կառավարությունը Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը լուծարելու որոշում է ընդունել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ասում է՝ դա կրթության զարգացման ռազմավարական ծրագրի համատեքստում է: Խնդիր է դրված նախնական և միջին մասնագիտական կրթության մակարդակում քարտեզագրել ունեցածը, գնահատել կարիքները, ձևավորել առավել օպտիմալ կառավարման համակարգեր ու կազմակերպություններ, վերանայել հնացած մասնագիտությունները, ավելացնել նորերը:
ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ)
Մենք Երևան քաղաքում ունենք 4 պետական և 7 մասնավոր միջին մասնագիտական կրթություն իրականացնող առողջապահական ոլորտի մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատություններ:
Փոխնախարարի խոսքով, պատրաստվող կադրերի քանակը շատ ավելի մեծ է, քան աշխատաշուկայում նրանց պահանջարկը: Բացի այդ, Էրեբունի քոլեջի հարևանությամբ գործում է ոչ պետական Էրեբունի բժշկական ակադեմիան: Երկուսի մրցակցության մեջ ակադեմիան ավելի շահեկան վիճակում է թե՛ շենքային ու թե՛ լաբորատոր հագեցվածության առումով: Իսկ պետական քոլեջում դիմորդները նվազում են՝ տարեկան մոտ 100-ով:
ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ - Քանի որ այս ոլորտում մենք նաև շատ կարևորում ենք ոչ միայն պետական միջոցների ներդրումը, այլ նաև մասնավորի հետ համագործակցությամբ և մասնավորի աջակցությամբ կրթության որակի և ինչու չէ պայմանների փոփոխության հնարավորության կիրառումը, որոշումը էդպես կայացվեց, որ այլևս «Էրեբունի» քոլեջի գործունեությունը կարծես թե նպատակահարմար չենք գտնում:
Էրեբունի պետական բժշկական քոլեջի տնօրենը Ալինա Քուշկյանն էր: Նա նաև ոչ պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Արաքսիա Սվաջյանն ասում է՝ որոշումը պայմանավորված չէ այդ փոխկապակցվածությամբ ու շահերի հնարավոր բախմամբ:
ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ - Խնդիրն այն է, որ ինչպես նշեցի, մեր քաղաքականությունը միտված է նրան, որ մենք չունենանք թերբեռնված ուսումնական հաստատություններ 04.34 Մենք չունենանք իրար հարևանությամբ գործող մի քանի ուսումնական հաստատություն, որոնք թողարկում են նույն մասնագետները, բայց աշխատում են թերբեռնված
Վստահեցնում է՝ լուծարվող քոլեջի ուսանողները կարող են ուսումնառությունը նույն պայմաններով շարունակել իրենց նախընտրած համարժեք հաստատությունում:
ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ - Հավանականություն կա, որ ուսանողների մի մասը կրթությունը կշարունակեն հենց Էրեբունի ակադեմիայում, քանի որ հարևանությամբ է գործում, 06.29
Դասախոսներից շատերն էլ համատեղո՛ւմ էին պետական ու ոչ պետական հաստատություններում աշխատանքը, այնպես որ մեկի լուծարումից հետո կշարունակեն աշխատել մյուսում:
Ակադեմիայի պրոռեկտոր Արմինե Բադալյանն առանց տեսախցիկի ասաց՝ սիրով պատրաստ են ընդունել բոլոր ուսանողներին՝ թե՛ մասնաշենքի, թե՛ նյութատեխնիկական բազայի առումով այդ հնարավորությունն ունեն:
Կընդունե՞ն նաև մինչև այս ակադեմիայում չաշխատած դասախոսներին: Այս հարցի պատասխանը կունենան ավելի ուշ:
Իսկ թե հետագայում ինչ նպատակի է ծառայելու լուծարված քոլեջի շենքը, առաջարկություն պետք է ներկայացնեն պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն ու ԿԳՄՍ նախարարը՝ երկամսյա ժամկետում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան,
Հեղինակ՝ Աննա Զախարյան