Երևանում բացվել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Բացման արարողությանը վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Կառավարությունն ուզում է Հայաստան վերադարձած ավելի ու ավելի շատ մարդկանց տեսնել և պոտենցիալ հայրենադարձներին մատուցել այնպիսի ծառայություններ, որոնց վերաբերյալ խոսակցությունները կոգևորեն ուրիշներին նույնպես քայլ անել դեպի հայրենադարձություն, դեպի Հայաստանի Հանրապետություն:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս գրասենյակի նպատակն է մարդուն ուղեկցել մտադրության ձևավորման փուլից:
Խոսքը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի մասին է, առաջինը իր տեսակով: Բացման արարողությանը մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ հետ , հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյան - Սա ևս մեկ քաղաքական ուղերձ է, որ ՀՀ կառավարությունն ուզում է ավելի շատ մարդկանց տեսնել վերադառնալիս:
«Հայրենադարձություն» բառը բոլորիս համար թանկ, կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող արտահայտություն է, վարչապետն ավելացնում է՝ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ բախվում են մի երկրից այլ երկիր տեղափոխվելիս: Պետական կառավարման կամ իրավական ընթացակարգերին բախվելիս վերադառնալու ոգևորությունը կարող է զրոյանալ, որոշ դեպքերում` փոխակերպվել զղջման:
Նիկոլ Փաշինյան - Ահա այդ քննարկումների արդյունքում հասկացանք, որ մեզ պետք է աջակցող ինստիտուտ հայրենադարձության որոշում կայացնոնղների համար:
Ոչ թե դասական, պետական մարմին, այլ ֆորմալ և ոչ ֆորմալ հնարավորություններ ունեցող կառույց է լինելու, որը մշտական հաղորդակցության մեջ է լինելու քաղաքացիական հասարակության հետ, շեշտում է վարչապետը:
Կառավարության և «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» գործակցության շնորհիվ բացված Հայրենադարձության և ինտեգրման այս կենտրոնը գործելու է որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար՝ տրամադրելով խորհրդատվական ու գործնական աջակցություն տարբեր ուղղություններով: Կենտրոնի աշխատակիցը նախապատրաստելու և ուղեկցելու է հայրենադարձին ամբողջ ընթացքում՝ իրավական գործընթացները ներկայացնելուց, մինչև բիզնեսի հիմնում: Լինելու են մշտապես գործող հայերենի անվճար դասընթացներ, ինտեգրման ու իրազեկման անվճար սեմինարներ, պոտենցիալ գործատուների հետ շփումներ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան