Հունիսի 26-ին` ժամը 18։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից դեպի «Գնթունիք» արագ սննդի կետ տանող հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում բախվել են GAZ-53 մակնիշի բեռնատար (վարորդ՝ Կ․ Ս․) և Mercedes Sprinter մակնիշի մարդատար ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZ-53 մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը և Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (17 ուղևոր) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան և փակել GAZ-53 բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը։