Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենում լքված նորածնի մայրը հայտնաբերվել է: Նրա մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ:
Գոռ Աբրահամյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար) - Անձի վերաբերյալ, ինչպես նաև դեպքի հանգամանքների վերաբերյալ, քննության շահերից ելնելով, այս պահին տեղեկատվություն չի տրամադրվում:
Տարածված լուրերի համաձայն` երեխայի մայրը 56-ամյա կին է: Գոռ Աբրահամյանը տարիքի մասին տվյալ նույնպես չի տրամադրում:
Գոռ Աբրահամյան - Որովհետև ուղղակիորեն առնչվում է անձնական և ընտանեկան անձեռնմխելիության սկզբունքին, որի հետ կապված` ես ձեռնպահ եմ մնում, մանավանդ նշեցի, որ խնդիրը վերաբերում է նաև քննության շահերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 22-ին պոլիէթիլենային տոպրակում երեխային գտել է գյուղի բնակիչներից մեկը՝ նրան շներով շրջապատված տեսնելով: Գյուղում ենթադրել են, որ տղան թողնված է եղել մատուռում և շներն էլ նրան քարշ են տվել տան մոտ: Երեխան նախ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, այնտեղից Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակով:
Արարատ Նազանյան («Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ) - Երեխան ունեցել է շնչառական անբավարարություն, անմիջապես զննման պահին ունեցել է գեներալիզացված ցնցումներ, որը պայմանավորված է եղել գլխուղեղում արյան զեղումների հետ: Առհասարակ նորածին երեխաները և հատկապես` անհաս երեխաները, ըստ գնահատելու, այո, այս երեխան անհաս է եղել՝ 1.9 կգ քաշով, շատ զգայուն են լինում թթվածնի քաղցի նկատմամբ:
Ծնվելիս նրանց անմիջապես պետք է տեղավորել հատուկ կյուվեզներում, ակտիվ ապահովել թթվածնով՝ կազմակերպելով հետագա բուժումը:
Արարատ Նազանյան - Այս պարագայում, բնականաբար, ծնվելուց հետո, պայմանները՝ փողոցային պայմաններ, գումարած՝ երեխայի անհաս լինելը, և դժվար է ասել, թե ինչքան ժամանակ առաջ է ծնված եղել, կարելի է ենթադրել` 7-8 ժամից ավելի երեխան անխնամ վիճակում գտնվել է փողոցում:
Նորածնի կյանքը փրկել չի հաջողվել: Մահվան բուն պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Բժիշկներն առայժմ միայն կարող են ասել, որ թեկուզ առանց որևէ այլ խնդիրների ծնված անհաս երեխան, մի քանի ժամ մնալով լքված ու առանց խնամքի, կարող էր մահվան հասնել, մանավանդ պոլիէթիլենային տոպրակն էլ խորացրել է թթվածնային քաղցը:
Նախաձեռնված քրեական վարույթը Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով է՝ «Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով»:
Մեղադրանքը կառաջադրվի այս, թե այլ՝ ավելի ծանր հոդվածով դեռ պարզ չէ:
ԼՔՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Նորածնին լքելու նախորդ դեպքը 2023 թվականի մայիսին էր: Նրան գտել էին Երևանի Արցախի պողոտայում: Ի դեպ, նույն վայրում մեկ այլ նորածին հայտնաբերվել էր դրանից մեկ տարի առաջ:
Գոռ Աբրահամյան - Այդ դեպքերով ծնողը հայտնաբերված չէ դեռևս, նրա ինքնությունը պարզված չէ, անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվել են այդ ուղղությամբ, դրանք էլի շարունակվում են, բայց այս պահի դրությամբ դեռևս արդյունքներ չունենք: Շատ տարբեր կարող են իրավիճակները լինել` կախված նրանից, թե վարույթն իրականացնող մարմինը ինչպիսի տվյալներ է ձեռք բերում, կամ օպերատիվ հետախուզական ինչպիսի տվյալներ են ձեռք բերվում, ըստ այդմ էլ` դրանցից մեծ չափով կախված է լինում հանցագործության բացահայտման արդյունքը և արդյունավետությունը:
Արցախի պողոտայում մայիսին հայտնաբերված երեխան ավելի քան երկու ամիս գտնվել է «Մուրացան» հիվանդանոցում: Հուլիսի 26-ին նա դուրս է գրվել և տեղափոխվել խնամատար ընտանիք:
Հեղինակ` Աննա Զախարյան