Ամառային հանգիստը Վրաստանում անցկացնելու համացանցային գովազդը գրավիչ է եղել: Գումարը վճարել են, հետո պարզել, որ խաբվել են:
Երվանդ Էրզրումյան (տուժող) - Տվյալ անձնավորությանը Ֆեյսբուքում հայտարարությունով գտել է կինս, նա աննախադեպ առաջարկ է ներկայացրել, աննախադեպ ցածր գին` հանգիստը կազմակերպելու համար, և ուշադրություն է դրանով գրավել` ոչ միայն իմ, այլև բազմաթիվ քաղաքացիների:
Անհատ ձեռնարկատեր տուրօպերատորի հետ հանդիպել են գրասենյակ ներկայացված տարածքում, վճարել մոտ 200 հազար դրամ: Գործին լրջություն է հաղորդել կնքված պայմանագիրը: Բայց հետո կապ հաստատել այևս չեն կարողացել: Տուժողները կարծում են՝ իրականում գործ ունեն ոչ թե մեկ անձի, այլ հանցավոր խմբի հետ:
Երվանդ Էրզրումյան - Հեռախոսը, պարզվեց, անջատված է, շատ արագ պարզեցինք, որ իր հեռախոսը գրանցված է այլ մարդու անունով, և մենք արագ զանգահարեցինք Վրաստան` տվյալ հյուրանոցը, որը պետք է մեզ ընդուներ, պարզվեց` նրանք այնտեղ ոչ մի տեղեկություն չունեն, ասացին մեզ, որ գործ չունենանք Ա.-ի հետ, որի անունը ես չեմ տալիս նախաքննության գաղտնիքը պահպանելու համար, և հայտնեցին մեզ, որ նա պրիմիտիվ «քցող» է:
Երվանդ Էրզրումյանին նաև փոխանցել են, որ շատ քաղաքացիներ էլ առանց նախապես զանգահարելու են գալիս հյուրանոց ու փաստի առաջ հայտնվում՝ տեղեկանալով, որ գումարը փոխանցված չէ: Զբոսաշրջիկները, այդ թվում` Երվանդի ընտանիքը, նախընտրել են տուրփաթեթից հանել տեղափոխության ծախսը և Վրաստան մեկնել գնացքով:
Տուժող - Մենք վճարել ենք իրեն ընդհանուր 636 հազար: Դա` մի երկու ընտանիքի համար: Գրեցի նախապես, թե` Ձեր գովազդած ակցիան ինձ հետաքրքրեց: Հեռախոսահամար նշված էր, զանգ տվեցի, ինքս էլ կարող եմ, ասեց, զանգ տալ` տեղեկացնելու իմ ակցիաների մասին:
Մեր զրուցակից մյուս տուժողն ընտանեկան խնդիրների պատճառով անունը հրապարակել չի ցանկանում: Ասում է՝ խաբեության մասին իմացել են, երբ փորձել են տուրօպերատորին զանգահարել՝ համոզվելու համար, որ հյուրանոցն ամրագրված է: Բայց զանգերը մնացել են անպատասխան:
Տուժող - Հետո պատահական ինձ հյուրանոցից զանգ տվեցին իմ կոլեգաները, ովքեր էնտեղ հանգստանում են, ասացին, որ խաբել են, էդ տուրիստականը գոյություն չունի, գումարները չի փոխանցել, մի որոշ գումար էստեղ չի փոխանցել, գնալը վճարել է, գալը չի վճարել: Ինչ-որ բաներ, էլի: Տեղեկացանք, որ ինքը խաբեբա է, վերցրել գումարը, փախել է:
Գործը Քննչական կոմիտեում է: Քրեական վարույթի վերաբերյալ շատ մանրամասներ չեն հաղորդվում: Կատարվում են քննչական գործողություններ, դեռ տուժողների հարցաքննության փուլն է:
ՀՀ քննչական կոմիտե. «ԱՁ-ի կողմից խարդախությամբ մի քանի անձանցից գումարներ հափշտակելու վերաբերյալ հաղորդում է ստացվել, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու նպատակով»։
Վրաստանում յոթ օր ծովափնյա հանգիստ խոստացող ֆեյսբուքյան էջում նշված չեն ոչ տուրօպերատորի հասցե ու անվանում, ոչ էլ հեռախոսահամար: Խաբեության զոհերը կոնտակտային տվյալներ ունեցել են, երբ իրենց են զանգահարել:
Հեղինակ` Աննա Զախարյան