Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի հերթական հատուկ միջոցառման ընթացքում հայտնաբերվել է Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող 2 տասնյակ օտարեկրկյա քաղաքացի: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Իրավապահների նման գործողությունները եզակի չեն՝ միայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում անօրինական բնակվող մոտ 5200 օտարերկրացի է հայտնաբերվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ կարգավիճակով մոտ 2700-ն է հայտնաբերվել, այսինքն` գրեթե երկու անգամ պակաս:
Թե նախորդ, թե այս տարի գերակշռողը Հնդկաստանի քաղաքացիներն են:
Վոլոդյա Մելքոնյան (ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր) - Ստանալով համապատասխան տեղեկություններ՝ այցելում ենք նշված հասցեներ, որտեղ որ բնակվում են օտարերկրացիները, այնուհետև ստուգում ենք վերջիններիս օրինական բնակվելու հանգամանքը, համագործակցում ենք Միգրացիոն ծառայության հետ, ու եթե անօրինական կերպով են բնակվում, այսինքն՝ ոչ համապատասխան արտոնագրերով, վերջիններս ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Որոշ դեպքերում մեր երկրում անօրինական բնակվողները ուսանողներ են, որոնց կեցության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը, սակայն, կեղծ են լինում:
Դավիթ Ավետյան (ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ) - Իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել շուրջ 41 օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի տարածքում գործող բուհերում ուսանելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու նպատակով կեղծ փաստաթղթերի պատրաստման, օգտագործման և իրացման վերաբերյալ, բոլոր դեպքերով կազմված պատշաճ հաղորդումները կից փաստաթղթերով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվում են քրեական վարույթներ:
Հայաստանում բնակվող անօրինական միգրանտների հայտնաբերման ուղղությամբ ամեն տարի երկու փուլով իրականացվում են «նելեգալ» պայմանական անվամբ օպերատիվ միջոցառումներ: Այս տարի առաջին փուլը իրականացվել է հունիսին, որի ընթացքում հայտնաբերվել է օտարերկրացիների մասին օրենքի դրույթների խախտմամբ 156 օտարերկրյա քաղաքացի, այս ուղղությամբ մեր իրավապահները գործակցում են ՀԱՊԿ գործընկերների հետ.
Դավիթ Ավետյան - ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի կողմից կայացվում է որոշում, և, ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում միաժամանակ, նշված ժամանակահատվածում իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ, բոլորը ամփոփվում են և արդյունքները ներկայացվում ՀԱՊԿ քարտուղարություն:
Հայաստանում անօրինական բնակվող միգրանտներին հայտնաբերելուց հետո նրանց ուղղորդում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ ստուգվում է օտարերկրացիների կարգավիճակը, նշանակվում են վարչական տուգանքներ՝ 50-ից 100 հազար դրամի չափով: Պարտավորվում են լքել երկիրը 30 օրվա ընթացքում: Մեկ ամսից հետո օտարերկրացու ելքը ստուգվում է սահմանահատումների էլեկտրոնային համակարգով, եթե արձանագրված չէ, կազմվում է արտաքսման վարույթ: Սակայն եթե օտարերկրացին ցանկանում է բնակվել Հայաստանում, կարող է ուսման, աշխատանքի, Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվելու հիմքերով օրինականացնել իր կեցությունը:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան