Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Հայաստանի գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն ամփոփելով, նշել է.
«Այսօր մենք զրուցել ենք տարածաշրջանի գոյություն ունեցող միջանցքների, տարանցիկ կարողությունների և հաղորդակցությունների խոչընդոտների վերացման անհրաժեշտության և երկու երկրների միջև պատմական և ավանդական միջանցքների համար խոչընդոտ չստեղծելու մասին: Թեհրանը և Երևանը տարանցիկ երթուղիների կարևորության հետ կապված հատուկ ընդգծվածություն ունեն: Ես այսօրվա քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ալիևից լսածն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը նա արծարծում է որպես խոչընդոտների վերացմանն ուղղված քայլ»:
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է` Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և Հայաստանի և Իրանի միջև պատմական միջանցքների փակման ջատագով:
«Մենք էլ ադրբեջանցի պաշտոնատար անձանց բացատրել ենք, որ նույնիսկ ճգնաժամային պայմաններում չենք փակելու Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության ուղին, և այդ առումով երկու երկրների միջև կա պայմանավորվածություն»,- ասել է Աբդոլլահիանը: