Լոռվա ավանդական ուտեստներից, Լոռվա սարերի բերքից քամված ըմպելիքներից մինչև հունական ու ֆրանսիական անուշահամ բլիթներ, խմիչքներ։ «Ֆեստիվառ» փառատոնը Վանաձորում մի հարկի տակ է հավաքել գաստրոտուրիզմի և երաժշտության սիրահարներին։
Մհեր Սանթոյան («Այո փրոդաքթս» ընկերության ներկայացուցիչ) - Սա շատ լավ առիթ է Վանաձորի և ոչ միայն, Լոռու մարզի ներկայացուցիչների համար, տեղական արտադրողների համար ներկայանալու, որպեսզի բավականին ճանաչելիություն ստանան էստեղ։ Հիմա իմ ձեռքում դուք կարող եք տեսնել ընկույզով հումուսը՝ մեր ֆիրմային համն է, մեջը բնական ընկույզ է, Լոռու մարզի ընկույզն է և 12 տեսակի տարբեր համեմունքներ։
Գագիկ Միկինյան («Աստերի» հունական քաղցրավենիքի և սննդի սրճարանի ղեկավար) - Եկել ենք Հունաստանից, քաղցրավենիքների լայն ընտրանի ունենք։ Ամեն ինչ անում ենք մեր քաղաքը բարձրացնելու համար, մեր քաղաքին ուժ տալու համար, ու էսօր իմ ամենա-ամենաուրախ օրերից մեկն է, որ էսքան մենք մաքառել ենք, ու էսօր Վանաձորը շունչ է առնում, իմ վանաձորցիներն էլ ժպտում են։
Առաջին ալիքը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ գործընկերությամբ Վանաձորում կազմակերպել է նախադեպը չունեցող միջոցառում։ Վանաձորի «Հայքի» հրապարակին կից 30 տաղավարներում մարզի կազմակերպությունները ներկայացնում են տարբեր ծառայություններ, հրավիրում վարպետության դասերի:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Մենք ապակենտրոնացնում ենք մշակույթը, մշակութային իրադարձությունները և գնում ենք դեպի մարզեր։ Այս փառատոնի նպատակը բացահայտելն է, մենք փորձելու ենք այս փառատոնի միջոցով մեզ համար, մեր հայրենակիցների համար բացահայտել նոր քաղաքներ, որտեղ կարելի է այցելել, ծանոթանալ այդ տարածաշրջաններին։
Իվան Բիրյուկով («Տրիոլետի Վանաձոր» մարզական ակումբի ներկայացուցիչ) - Շատ լավ է կազմակերպված, Լոռիում գործող շատ հետաքրքիր կազմակերպություններ կան, ռեստորաններ, ընկերություններ։ Շատ լավ է, որ Հայաստանում զարգանում են այս ուղղությունները։ «Տրիոլետի Վանաձոր»-ը սիրողական մարզական ակումբ է, որը ստեղծված է Վանաձորում, Լոռիում բարձրացնելու առողջ ապրելակերպի մակարդակը։ Մեր ակումբում արդեն կան տարբեր ազգությունների մարդիկ, և մենք բոլորս վանաձորցիներ ենք, կիրովականցիներ։
Մարզի զբոսաշրջային պոտենցիալի, հյուրատների, հյուրանոցների, հանգստի գոտիների ու պատմամշակութային հուշարձանների մասին հյուրերին հատուկ տեղեկատվություն է տրամադրվում ինֆո տաղավարում:
Հասմիկ Մկրտչյան (Լոռու մարզպետի աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ) - Տուրիստները սովորաբար հարցնում են՝ ինչի գալ Վանաձոր: Վանաձոր գալ այ այս բաների համար, որ ունենք հնարավորություններ և գրավչություններ, և զբաղեցնող ժամանցի վայրեր, որտեղ կարող են իրենց հանգիստը մարդիկ անցկացնել ամբողջական և լիարժեք։ Առաջին հերթին` Վանաձորի բնությունը և բնակլիմայական պայմանները, որ հանգստի համար իդեալական են, ունենք արհեստավորներ, ովքեր կարող են մատուցել մաստեր-կլասներ, վարպետության դասեր, կարող են այցելել թանգարաններ և, իհարկե, մեր սննդի օբյեկտները։ Էքստրիմի սիրահարներին պետք է ասեմ, որ Վանաձորը հնարավորությունների մեծ քաղաք է հատկապես հեծանվային տուրիզմի համար, քայլարշավի տուրիզմի համար։ Համեցեք Վանաձոր և կտեսնեք մեր բոլոր գրավիչ վայրերը։
Վանաձորն այսօր շնչում է երգով ու բարձր տրամադրությամբ՝ Լոռու մարզի տարբեր բնակավայրերից, այլ մարզերից ու արտերկրից ժամանած աննախադեպ քանակությամբ հյուրերի հետ։ Ամբողջ օրվա ընթացքում քաղաքի կենտրոնում ելույթ են ունենում Լոռու մարզի անհատ կատարողները և խմբերը, իսկ երեկոյան Հայքի հրապարակում մեկնարկել է մեծ համերգ:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան