Հայաստանի և Կորեայի առողջապահական գերատեսչությունների միջև տեղի է ունեցել առցանց ֆորում: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Սա լավ հնարավորություն է հայ-կորեական համագործակցության համակողմանի զարգացման ու փորձի փոխանակման համար: Հուսով եմ, որ շուտով Երևանում կընդունենք կորեացի մեր գործընկերներին»,- ողջունելով առցանց ֆորումի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Երկու երկրների առողջապահական համակարգերի կառուցվածքը, իրականացվող ծրագրերը, առաջնահերթություններն ու բարեփոխումները մանրամասն ներկայացնելուց հետո կողմերը խոսել են առողջության համապարփակ ապահովագրության, էլեկտրոնային առողջապահության, բուժաշխատողների պատրաստման (բուհական և հետբուհական կրթության) իրենց փորձի մասին:
Կորեայի Առողջության ապահովագրության ծառայության միջազգային համագործակցության բաժնի տնօրենը ներկայացրել է իրենց երկրի առողջապահական ապահովագրության համակարգը` նկատելով, որ աշխարհում հենց Կորեայում է ամենակարճ ժամանակում ամբողջովին ներդրվել այդ համակարգը:
Հայաստանյան կողմը ներկայացրել է առողջության ապահովագրության նախագիծը:
Այնուհետև Կորեայում նորարարական բժշկական ծառայությունների, «խելացի հիվանդանոցների» ու բժշկական ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման մասին է խոսել Կորեայի նորարարական բժշկական ծառայության տնօրենը:
Փորձի փոխանակումը, ոլորտային զեկույցներից բացի, իրականացվել է նաև հարցուպատասխանի միջոցով:
.jpg)