Ֆրնասիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ընդունելություն է կազմակերպվել: Առաքելությունը ՀՀ-ում ավարտող դեսպան Անն Լույոն հայտարարել է՝ երկամյա իր աշխատանքի ժամանակ համոզվել է, որ Հայաստանը ավելի է մոտեցել Եվրոպային: Նա անդրադարձել է Հայաստանի ու ԼՂ նկատմամբ ադրբեջանական ագրեսիաներին, շեշտել արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի բացման վերաբերյալ որոշման կատարման անհրաժեշտությունը, անդրադարձել նաև Ստեփանակերտի հանրահավաքին:
Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Մեծ հուզմունքով եմ դիմում ձեզ, քանի որ մի քանի օրից լքում եմ Հայաստանը` անչափ հարուստ և հագեցած առաքելությունից հետո, որը կնշանավորի ինչպես դիվանագետի իմ կարիերան, այնպես էլ իմ անձնական կյանքը, ես ձեզ չեմ մոռանա: Գրեթե երկու տարի առաջ՝ ձեր երկիր գալուցս ի վեր, Հայաստանը հաստատակամորեն մերձեցել է Եվրոպային, որը դրա մի մասն է իր մշակույթով, պատմությամբ ու նախևառաջ հանուն ժողովրդավարության իր հանձնառությամբ: Պարոն փոխվարչապետ, ողջունում եմ ՀՀ կառավարության խիզախ հանձնառությունը հանուն խաղաղության և ժողովրդավարության, ի հեճուկս չափազանց դժվար համատեքստի: Ռուսաստանի սանձազերծած սոսկալի պատերազմը, որի առաջին զոհը Ուկրաինան էր, բայց նաև ռուս ժողովուրդը, ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը և չի նպաստում լարվածության նվազմանը: Ֆրանսիան ցավում է Հայաստանի սահմաններին, ինչպես նաև ԼՂ հայերի դեմ շարունակվող ագրեսիայի համար: բնակչություն, որը մեծապես տուժել է Լաչինի միջանցքի արգելափակումից, և որի իրավունքները պետք է հարգվեն` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի որոշման: Մենք գիտենք, որ ԼՂ ժողովուրդն այս պահին հանրահավաք է անում ստեփանակերտում պահանջելով վերականգնել իր իրավունքները և որ բռնություն չկիրառվի բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է:
Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ այս նպատակին ԵՄ և ԱՄՆ հետ սերտ համաձայնեցված, ողջունում եմ այստեղ ներկա ԵՄ քաղաքացիական առաքելության անդամներին և շնորհավորում նրանց հիանալի աշխատանքի համար, որը նպաստում է խաղաղության ջանքերին; Հուսով ենք` բանակցությունները, որոնք վաշինգտոնյան հանդիպումից հետո վաղը կշարունակվեն Բրյուսելում, հնարավորություն կընձեռեն առաջընթաց գրանցել: Եկեք` չթուլացնենք մեր համատեղ ջանքերը` ընդլայնելու միջազգային հանրության ներգրավվածությունը խաղաղ գործընթացում, քանզի այստեղ, ինչպես Ուկրաինայում, վտանգված են նաև եվրոպական անվտանգությունն ու արժեքները, ինչպես նաև կայունությունն ամբողջ աշխարհում, բացի այդ, ապատեղեկատվութունը զանգվածաբար օգտագործվում է ժողովրդավարական պետությունների ապակայունացման նպատակով, մենք պետք է պահպանենք նաև քաղաքացիների ստույգ և հավաստի տեղեկություն ստանալու իրավունքը: