«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում ներկայացրեց նախաձեռնություն, համաձայն որի՝ առաջարկվում է դադարեցնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հիմնավորելով, թե ինչու են Թագուհի Թովմասյանի կողմից հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա գործունեությունը շարունակելու անհնարինություն տեսնում:
«Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այսպիսով, ըստ էության, չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները: Խորհրդի նիստերին չմասնակցելը հանգեցրել է այն բանին, որ հանձնաժողովն ԱԺ խորհրդի 46 նիստերից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այսպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև խորհրդի լիազորությունների շրջանակներում բազմաթիվ որոշումների կայացմանը: Սա վատթարացնող ազդեցություն է ունեցել հանձնաժողովի ընդհանուր գործունեության վրա»,- պարզաբանեց Աղազարյանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստի աշխատանքներին՝ Թագուհի Թովմասյանը չի կատարել նաև ԱԺ խորհրդի հետ հանձնաժողովի աշխատանքների համակարգման իր լիազորությունները:
«Թագուհի Թովմասյանը, չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, հետևողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք և բնականոն գործունեությանը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով իրեն վերապահված իրավունքների լիարժեք իրացումից:
Հարկ է նշել, որ Թագուհի Թովմասյանը, լինելով հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր նախագահությամբ ընթացող նիստերի ընթացքում, ՀՀ 100 հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործունեությամբ նպաստելով դրանց կրկնությանը: Տարբեր դրվագներում Թագուհի Թովասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեքի անօտարելի արժանապատվությունն այն ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններից: Ասվածը փաստող մի շարք տեսանյութեր առկա են հրապարակային բաց աղբյուրներում»,- ասաց ՔՊ պատգամավորը:
Հովիկ Աղազարյանը նաև նշեց, որ Թագուհի Թովմասյանի թեկնածությունը՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելուց հետո ՔՊ-ն չի առաջադրի թեկնածու, քանի որ, ըստ քվոտայի, պաշտոնն ընդդիմադիրներինն է: