Այսուհետ ոչ բոլոր դեպքերում պարտադիր կլինի հյուսվածքաբանական, ձևաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված օրգանը, հեղուկը կամ որևէ հյուսվածք: Այդ մասին նախագիծը ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ իր և Լուսինե Բադալյանի առաջարկած՝ «Բնակչության բժշկական օգնության սպասարկման օրենքի 41-րդ հոդվածում լրացում կատարելու մասին» նախագիծը ներկայացնելիս:
«41-րդ հոդվածն իմպերատիվ ասում էր, որ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան, հյուսվածք կամ հեղուկ պարտադիր ձևաբանական հետազոտության պիտի ենթարկվի, և այս իմպերատիվ նորմի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ, օրինակ, մարդու հեռացված ատամը պիտի ուղարկվեր ձևաբանական հետազոտության, 2 տարի ժամկետով պահպանվեր դա: Եվ նման օրինակները բազմաթիվ են:
Նախագծով նախատեսում ենք բացառություններ սահմանել, այսինքն՝ լիազոր մարմնին հնարավորություն ենք տալիս բացառություններ սահմանել՝ որ դեպքերում պարտադիր չի լինի հյուսվածքաբանական, ձևաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված օրգան, հեղուկ կամ որևէ հյուսվածք»,- ասաց պատգամավորը: