Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության է: Կարևոր նախապայման կլինի նաև այն, որ նա համագործակցի քրեական մարմինների հետ, չվիճարկի իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցի կամ հարթի վնասը:
Նախագիծը ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ըստ նախարարի՝ նախագծի ընդունման դեպքում էապես կնվազի նախաքննական մարմինների, դատարանների ծանրաբեռնվածությունը:
Գրիգոր Մինասյանը նաև պարզաբանեց, թե ինչու նման իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր և առանձնապես ծանր հանցանքների դեպքում, ապա հավելեց, որ նախագծով նաև առաջարկվում է գործուն զղջալու դեպքում չնախատեսել նման սահմանափակում:
Կան, այդուամենայնիվ, հանցագործություններ, որոնց դեպքում մարդը չի կարող ազատվել պատասխանատվությունից. դրանք են խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցութունները չարաշահելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, իշխանությունը յուրացնելը, ՍԴ կարգը տապալելը, խոշտանգումը և բոլոր այն հանցագործությունները, որոնց մասով նախատեսվում է ցմահ ազատազրկում: