Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումները, թե իբր, եթե բուսայուղերի վրա առկա է «ռաֆինացված կամ դեզոդորացված» մակնշում, ապա այդ արտադրանքը վտանգավոր է: Գիտությունների ազգային ակադեմիայի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարն էլ հավաստիացրել է՝ խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրել են Եվրամիությունում և հանգել եզրակացության, որ բուսայուղի վերամշակման համար օգտագործվող քանակը չի կարող առաջացնել հանրային առողջապահական խնդիր:
Սոցիալական հարթակներում ակտիվ տարածվում է Ռուսաստանում արված մի տեսանյութ, որտեղ նշվում է, թե բուսայուղերի վրա առկա «ռաֆինացված կամ դեզոդորացված» բառերը վկայում են դրանց անորակ, վտանգավոր լինելու մասին: Ավելին, ըստ տեսանյութի՝ եթե շշի վրա գրված է «դեզոդորացված», ապա այն մշակված է նավթամթերքով՝ հեքսանով, և խիստ վտանգավոր է առողջության համար։ Այս պնդումներից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին զանգերը կտրուկ ավելացան: Քաղաքացիների մտահոգությունը փարատելու համար կառույցը հայտարարություն տարածեց, նշեց՝ տեսանյութի պնդումներն անհիմն են:
Գոհար Վարդանյան (Սննդամթերքի անվտանգության վարչության պետի պաշտոնակատար) - Դա վերաբերում է բուսայուղերի մշակման և լուծահանման միջոցով իրականացվող արտադրական հատվածին: Խոշոր արտադրական ծավալները լուծահանման միջոցով են ստանում և հենց ռաֆինացումը դա բուսայուղի մշակման պրոցես ա, որի մեջ մտնում է նաև դեզադորացումը:
Լուծահանումը հնարավոր է կատարել նավթամթերք հանդիսացող «հեքսանի» միջոցով, սակայն եթե նույնիսկ այն օգտագործվում է, ապա այնքան չնչին քանակություններով և այնքան հազվադեպ, որ այդ նյութի նորմավորում չի նախատեսվել: Գործընթացը, ըստ Գոհար Վարդանյանի, անվտանգային խնդիրներ չունի: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բուսայուղերի արտադրման վերահսկողությունն իրականացնում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ով: Մինչև օրս բուսայուղերի արտադրման հետ կապված խախտումներ չեն հայտնաբերել:
Գոհար Վարդանյան - Եթե տվյալ արտադրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի արտադրանք է, ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթերով, եթե երրորդ երկրից է գալիս, ուղեկցվում է տվյալ երրորդ երկրի լիազոր մարմնի կողմից տրված փաստաթղթով և էստեղ նույնպես անցնում է համապատասխանության գնահատում:
Հեքսանով մշակված բուսայուղերի թեման եթե Հայաստանում նոր է քննարկվում, ապա ԵՄ երկրներում դրա վերաբերյալ քննարկումները վաղուց են ծավալվել և անգամ ուսումնասիրություններ են արվել՝ ընդգծում է սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը:
Դավիթ Պիպոյան (ՀՀ ԳԱԱ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար) - ԵՄ սննդային լիազոր մարմինը տվեց գիտական կարծիք, որ բուսայուղի վերամշակման արդյունքում օգտագործվող հետքային քանակները չեն կարող առաջացնել հանրային առողջապահական խնդիր:
Պիպոյանը, սակայն, նշում է՝ եթե վտանգավոր չէ, դա դեռ չի նշանակում, որ օգտակար է, ռաֆինացված տարբերակի դեպքում տհաճ հոտ և համ չի լինում, սակայն այստեղ օգտակար նյութերը ևս քիչ են:
Դավիթ Պիպոյան - Եթե ուշադրությամբ հետևեք նաև մակնշումներին, ապա կնկատեք, որ ռաֆինացված բուսայուղերի վրա օգտակար նյութերը պարզապես ավելացվում են:
Պիպոյանի դիտարկմամբ՝ ձիթայուղերի և այլ ապրանքատեսակների դեպքում անհրաժեշտ է ոչ միայն հիմնվել միջազգային փորձագիտական ուսումնասիրությունների վրա, այլև ներսում ուսումնասիրել բաղադրությունը: Իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նշում են, որ վտանգավոր արտադրանքի շրջանառության վերաբերյալ հաղորդագրություն միասնական՝ ՌԱՍՎ համակարգի մեզ փոխանցվում է, և միայն դրանից հետո են մշակվում համապատասխան քայլեր:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան