Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, և խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար: Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով անկանխիկ եղանակով, այսինքն՝ բանկային հաշիվների միջոցով, խաղադրույք իրականացնելու հնարավորություն էր տրվել, որով կապահովվեր որոշակի թափանցիկություն գործընթացների համար: Սակայն պարզվել է, որ որոշակի խեղաթյուրումներ կան: Այս մասին ասել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, հայտնում են ազգային ժողովից:
Պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի արտահերթ նիստում:
Ներկա կարգավորումներով օրենքը հնարավորություն է տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ և դրա միջոցով օգտագործել, խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլև ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց միջոցով:
Առաջարկվող օրենսդրական փաթեթի ընդունումը նախևառաջ միտված է նրան, որպեսզի յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով վերջինիս վարքագիծը:
Գևորգ Պապոյանի դիտարկմամբ մասնավոր համակարգում արդեն իսկ խաղամոլության համար ազատում են աշխատանքից: Պետության համար կարևոր է այնպիսի համակարգերում, ինչպիսիք են զինվորական, անվտանգության ծառայությունները, արգելել խաղամոլներին աշխատել:
«Հիմք պետք է ունենալ ապագայում, որ նման մարդկանց հետ աշխատանքային պայմանագրերը կարողանանք խզել: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախևառաջ խաղային և բանկային քարտային հաշիվները նույնականացնելու հնարավորություն ունենալ: Նախագծով առաջարկվող կարգավորումներով կլուծվի հենց այդ խնդիրը»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ նման սահմանափակող և կարգավորող նախաձեռնության հնարավորության ունենալու պարագայում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ:
Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության ներկայացրած իրավական տեխնիկային վերաբերող առաջարկություններն ընդունվել են:
Հարակից զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, շեշտելով, որ Հայաստանում ոլորտը բավականին ահագնացող տեմպերով է աճում, նշել է, որ պետք է պատասխանատու միջավայր ստեղծելու քայլեր կատարվեն, իրականացվեն համապարփակ լուծումներ:
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝ Հայաստանում վերջին երկու տարիներին խաղադրույքների ծավալը կրկնակի աճել է: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրացուցիչ ռիսկեր ի հայտ գալու դեպքում կքննարկվեն ոլորտը տեխնիկապես ապահովելուն, տվյալների բազան տրամադրելուն, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների գործունեությունը կարգավորելուն վերաբերող հարցեր եւս, որպեսզի լուծումը լինի համապարփակ:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: