208 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում օրեցօր ավելի է զգացվում առաջին անհրաժեշտության ապրանքների սղությունը: Կառավարությունը պետական պահուստից ձեթ և շաքարավազ է հատկացնում ԼՂ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Գործընթացը համակարգում են Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:
Լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի խանութները գրեթե դատարկվել են: Առաջին անհրաժեշտության ապրանքների սղությունը զգացվում է օրեցօր: Կառավարությունը պետպահուստից ձեթ և շաքարավազ է տրամադրում անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:
ԳԱՅԱՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ (ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ներկայացուցիչ) - Աջակցության շահառու է հանդիսանում ԼՂ-ում փաստացի ապրող հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած յուրաքանչյուր անձ: Եվ յուրաքանչյուր անձի հաշվով ստանում է 0,5 կգ շաքարավազ և 0,5 լիտր ձեթ:
Գործընթացը Ստեփանակերտում իրականացնում են ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեն: Ստեփանակերտի հինգ դպրոցում բացվել են սպասարկման կետեր, որտեղ ներկայանում է երեխաների ծնողներից մեկը կամ խնամակալը:
ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ԼՂ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի ներկայացուցիչ) - Քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով և երեխայի ծննդականի ու սոցիալական քարտի առկայությամբ մոտենում է մեզ, ստանում, տվյալների համադրում է կատարվում բազայում: Տրամադրվում է ստացական, ստացականով մոտենում է մեր սպասարկման կետի մյուս սենյակ, այնտեղից տրամադրում է իր հասանելիք ձեթն ու շաքարավազը:
Շրջաններում հաշվառված քաղաքացիները ևս կարող են աջակցությունը ստանալ Ստեփանակերտում,-ասում են սպասարկման կետերում: Ծրագիրը ճկուն են դարձրել ԼՂ-ում վառելիքի սղության պատճառով առաջացած տրանսպորտային խնդիրներից ելնելով:
ԳԱՅԱՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ - Ցանկալի է ինքը որտեղ ապրում է, այնտեղ ստանա, որպեսզի հերթեր չգոյանան, խնդիրներ չառաջանան սպասարկման հետ կապված, բայց ոչ մի խնդիր չկա՝ եթե օրիգինալ փաստաթղթերով մոտենում է, տրամադրվում է:
Պարենային աջակցությունը շրջկենտրոններում արդեն մեկնարկել է, իսկ համայնքներում նախատեսվում է առաջիկա օրերին:
Հեղինակ՝ Նարեկ Սահակյան