Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու գործը դատարանում է. մեղադրյալը մարզիկ 23-ամյա Թորգոմ Ասատրյանն է:
3 տարի առաջ՝ 2020թ-ին, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, Կառավարության շենքերը, իսկ Ազգային ժողովի հարակից տարածքում դաժան բռնության ենթարկվեց այդ ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
Գորիկ Հովակիմյան (ԳԴ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Պարզվել է, որ Դեմիրճյան փողոցում Թորգոմ Ասատրյանը, միանալով այդ պահին Արարատ Միրզոյանի նկատմամբ նրան կյանքից զրկելու դիտավորությամբ բռնություն գործադրող անձանց, լրացնելով նրանց գործողությունները, նկատելով որ Արարատ Միրզոյանի թիկնապահները փորձում են դեպքի վայրից հեռացնել Արարատ Միրզոյանին, նախ` հենվելով հարակից գտնվող ավտոմեքենայի շարժիչ ծածկոցի վրա, երկու ոտքի հարվածով գետնին է տապալել Արարատ Միրզոյանին:
Այնուհետև, ըստ դատախազի, մեղադրյալը ճեղքել է Ազգային ժողովի նախագահին շրջապատած անձանց, հրել թիկնապահներին և ոտքով բազմաթիվ հարվածներ հասցրել Միրզոյանին:
Գորիկ Հովակիմյան - Նույնիսկ ոմանք, գիտակցելով, որ Արարատ Միրզոյանը մահանում է, կոչ են անում՝ «մի խփեք, մահանում ա», և տվյալ դեպքում մենք ունենք, թե ինչպես այդ հնչեցրած կոչից հետո Թորգոմ Ասատրյանը շարունակում է իր գործողությունները:
23-ամյա մեղադրյալը, որը փետրվարից կալանավորված է, չի ընդունում մեղադրանքը, նրա պաշտպան Արման Սողոմոնյանն այն աբսուրդ է որակում:
Արման Սողոմոնյան (Թորգոմ Ասատրյանի պաշտպան) - Քանի որ ինքը որևիցե արարք չի կատարել քրեորեն պատժելի, ընդամենը գտնվել է այդ վայրում, բայց որևիցե գործողություն նրա կողմից չի կատարվել, մեղադրանքը ոչ միայն անհիմն է այլև ապօրինի, Թորգոմ Ասատրյանը դա չի էլ կարող ընդունել:
Պաշտպանի խոսքով՝ իր վստահորդը որևէ քաղաքական դիրքորոշում չունի և որևէ կուսակցության անդամ չէ:
Արման Սողոմոնյան - Բազմակի մրցանակներ ունեցած սպորտսմեն տղա է, ուղղակի գտնվել է այդ վայրում ոչ պատեհ ժամանակին, դա է դարձել առիթ ու պատճառ, որ իրեն նմանեցրել են մեկ այլ անձի եւ, առանց համապատասխան փորձաքննության նշանակելու, առանց որևէ ապացույցի, անձին մեղադրանք են առաջադրել:
Դատախազը շեշտում է՝ իր մատնանշած հանգամանքները հիմնված են գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, որոնց թվում նաև բազմաթիվ տեսագրություններն են:
Գորիկ Հովակիմյան - Հստակ երևում են Թորգոմ Ասատրյանի գործողությունները` մեքենայի վրա բարձրանալու և Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց պատնեշը ճեղքելու, մոտենալու, նրան հարվածներ հասցնելու, նրան մեծ դժվարությամբ մի կողմ հրելու և միայն այդ գործողություններով պայմանավորված նրա կողմից իր դիտավորությունը ավարտին չհասցնելու վերաբերող տեսագրություններ:
Այդ տեսագրությունները դատարանում զննության կենթարկվեն, ավելացնում է դատախազը: Ըստ դատախազ Գորիկ Հովակիմյանի՝ հավաքվածները իրենց հանցավոր արարքները դադարեցրել են միայն այն ժամանակ, երբ կարծել են, թե Արարատ Միրզոյանը մահացել է:
Գորիկ Հովակիմյան - Արարատ Միրզոյանը Թորգոմ Ասատրյանի և մյուս անձանց հարվածների հետևանքով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գլխի, կրծքավանդակի շրջանում, որովայնի հատվածում, և այդ ամբողջի արդյունքում կորցրել է գիտակցությունը:
Դատախազը, բացի տեսագրություններից, եւս մեկ ապացույց է վկայակոչում:
Գորիկ Հովակիմյան - Վարույթն իրականացնող մարմինը, դատարանի որոշմամբ, խուզարկություն է իրականացրել Թորգոմ Ասատրյանի բնակարանում, խուզարկության արդյունքում հնարավոր է եղել հայտնաբերել և առգրավել այն անթև բաճկոնը, որը երևում է տեսագրություններում, և ինչպես խուզարկության ընթացքում է հայտարարել Թորգոմ Ասատրյանը` այո, այդ բաճկոնը եղել է դեպքի օրը իր հագին:
Սա Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու առաջին մեղադրանքն է, որ ուղարկվել է դատարան: Եվս մեկ գործ էլ դատարանում է Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, որով անցնում է մեկ անձ: 2-ն էլ անջատված են մայր գործից, որի նախաքննությունը դեռ շարունակվում է ԱԱԾ-ում:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան