ՉԵԽԻԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԿՓՈԽԱՆՑԻ ԿԻԵՎԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին Պրահայում քննարկումներ է անցկացրել Չեխիայի վարչապետի հետ: Պետր Ֆիալան հայտարարել է, որ Չեխիան առաջիկայում մարտական ուղղաթիռներ և զինամթերք կփոխանցի Կիևին։ «Չեխիան կօգնի նաև ուկրաինացի օդաչուների վերապատրաստման հարցում, որպեսզի նրանք կարողանան կառավարել F-16 կործանիչները»,- ասել է Ֆիալան։
Վարչապետը նաև հույս է հայտնել, որ հուլիսի 11-12 Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դաշինքի բոլոր անդամները կաջակցեն Կիևի եվրաինտեգրման մղումները: Նա հավելել է, որ իր երկիրը հետագայում կմիանա Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը:
Վոլոդիմիր Զելենսկին Չեխիայից մեկնել է Բրատիսլավա, նրան ընդունել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան: Երկու երկրի պատվիրակությունները «Զուզանա 2» հաուբիցների համատեղ արտադրության պայմանագիր են ստորագրել, պայմանավորվել շարունակել գործակցությունը պաշտպանական ոլորտում:
ՌԴ-Ն ՀԵՏԵՎԵԼՈՒ Է ԶԵԼԵՆՍԿԻ-ԷՐԴՈՂԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՊԵՍԿՈՎ
Կրեմլի խոսնակը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Վոլոդիմիր Զելենսկին Ստամբուլում քննարկումներ է անցկացնելու Ռեջեփ Էրդողանի հետ, ինչից հետո Թուրքիայի նախագահը կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարը։
Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «Կրեմլն ուշադիր հետևելու է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունների արդյունքներին: Մենք պահպանում ենք կառուցողական, գործընկերային հարաբերություններն Անկարայի հետ»,- նշել է պաշտոնյան։
Նա հավելել է՝ անձամբ Վլադիմիր Պուտինն էլ միշտ բարձր է գնահատել ուկրաինական ճգնաժամը լուծելու հարցում Էրդողանի ջանքերը, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկար Կրեմլը դեռևս չի տեսնում:
«Իսկ ինչ վերաբերում է Պուտին-Էրդողան առաջիկա շփումներին, նման հեռանկարը չենք բացառում։ Նրանք հաճախ են շփվում: Բազմիցս քննարկվել է նաև դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը»,- նշել է Պեսկովը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՈՒԿՐԱԻՆԱ-ՆԱՏՕ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին, որը տեղի կունենա Վիլնյուսում՝ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Հուսով եմ՝ դաշինքի առաջնորդները կհամաձայնեցնեն Կիևի եվրատլանտյան ինտեգրման փաթեթը, որը ենթադրում է քաղաքական կապերի բարելավում, հստակ ազդանշան, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և Կիևին աջակցության բազմամյա ծրագիր, որով Ուկրաինայի զինված ուժերը լիովին կհամապատասխանեցվեն Դաշինքի չափանիշներին»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ Դաշինքը Կիևին լրացուցիչ 500 միլիոն եվրոյի շտապ օգնության փաթեթ է պատրաստում, որը ներառում է վառելիք, պահեստամասեր, բժշկական պարագաներ, ականազերծման սարքավորումներ։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները նաև կմեծացնեն Ուկրաինա հրետանային զինամթերքի մատակարարումը, քանի որ Կիևին դրանք դեռ անհրաժեշտ կլինեն»,- ընդգծել է Դաշինքի ղեկավարը:
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը 2023 թվականին կավելանան 8,3%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
2022-ԻՑ Ի ՎԵՐ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 9000 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ. ՄԱԿ
Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն շուրջ 500 օր: ՄԱԿ-ի տվյալով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր երկրում զոհվել է ավելի քան 9000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 500-ից ավելի երեխա։
Կառույցի զեկույցում նշվում է, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կամ վիրավորվածների իրական թիվն ավելի մեծ է, քանի որ որոշ բնակավայրերում տուժածների մասին ստացված հաղորդումները դեռ ճշտվում են։
Ըստ զեկույցի՝ վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Ուկրաինայում երեք անգամ ավելի շատ խաղաղ բնակիչ է զոհվել, քան երկրի արևելքում ռազմական գործողությունների ութ տարվա ընթացքում։
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Հունգարիան աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, երկրի կառավարությունն արդեն համապատասխան որոշում է կայացրել՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը: Վիկտոր Օրբանը հավելել է՝ այդ հարցով մշտական կապի մեջ են Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
Հատկանշական է, որ Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից խոչընդոտել են միայն Հունգարիան և Թուրքիան: Ավելի վաղ Հունագրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բուդապեշտը կփոխի իր մոտեցումը, եթե Անկարան Ստոկհոլմի համար կանաչ լույս վառի: Սակայն Թուրքիան առայժմ չի հաստատում Դաշինքին անդամակցության՝ Ստոկհոլմի հայտը: Ռեջեփ Էրդողանը պնդել է՝ պատճառն այն է, որ Շվեդիան աջակցում է ահաբեկիչներին: