Վարուժան Ավագյան (Լեռնավանի բնակիչ) - Վերջին 5-6 տարին չենք էլ օգտվել էս ջրից: Չկա, ջուրը չկա. առաջ եղել ա, ոռոգել ենք, էս վերջին երաշտի պատճառով չկա ոռոգում։ Ջուրը էստեղ կուգար, կտրվիր գը, վսյո։
Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում երկար տարիներ հողերն անմշակ էին ոռոգման ջուր չլինելու պատճառով: Գյուղացիները միայն գարի և ցորեն էին ցանում: Ոռոգման ջրի խնդիրը լուծվել է բնակավայրում ջրամբարի կառուցումից հետո:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ փոխնախարար) - Էս ծրագիրը, եթե մեծ նկարի մեջ փորձենք տեսնել, մեր երկրում իրականացվող ջրամբարաշինության, մեծ հաշվով՝ ջրամբարաշինության ծրագրի մի մասը կարելի է դիտարկել, որովհետև մեծ ջրամբարները, ինչպես Կապսը, որ արդեն սկսել են շինարարությունը՝ 60 մլն նախագծային հզորությամբ, այնպես էլ սա՝ 10-13 խմ հզորությամբ, և էս տիպի ջրամբարները նույնպես, շատ կարևոր են։ Էս ջրամբարը թույլ կտա, որ գյուղատնտեսությունը լինի 100 տոկոս երաշխավորված, գոնե ոռոգման ջրի մասով՝ 100 տոկոս երաշխավորված։
Վարուժան Ավագյան - Հմի արդեն տարբեր մշակաբույսեր կարանք ցանենք, կարանք արդյունք տեսնինք վերջապես՝ մենք մեր քրտինքի։ Պետք է մտածենք նոր մշակաբույսերի մասին։ Սա, բացի մեզնից, ռազմավարական նշանակություն ունի, որ ջուրը չգնա գոնե մեր թշնամուն։
Ջրամեկուսիչ թաղանթով պատված՝ 10 000 խորանարդ մետր ծավալով ջրամբարը կբավարարի ավելի քան 30 հա հողատարածք ոռոգելու համար: Այն կառուցվել է սուբվենցիոն և ՄԱԶԾ-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Փոքր դրամաշնորհների» ծրագրի միջոցներով՝ «Լեռնավան կլիմայական շրջանառու հիմնադրամի» աջակցությամբ:
Հովհաննես Ավետիսյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Առաջնահերթ և առաջնային թիրախը մեր գյուղացիներն են, և այս ծրագրերով պետությունը համայնքի հետ մեկտեղ փորձել է մի փոքր մեղմել գյուղացու առանց այն էլ ծանր առօրյան, ծանր հոգսերը։ Ոռոգման հետ կապված այս պահին խնդիրը գրեթե կարգավորված է, բայց նաև նախատեսում ենք այստեղ հետագայում ևս հավելյալ պահուստային ջրամբար կառուցել։
Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Ոռոգման համակարգը շատ կարևոր է գյուղատնտեսական արտադրանք ստեղծելու համար: Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ մոլորակի վրա ջրային պաշարները նվազում են, ուստի անհրաժեշտ է ստեղծել խելացի, ժամանակակից, նորարարական համակարգեր, որոնք կխնայեն ջուրը, կբարձրացնեն արտադրանքի արդյունավետությունը, ընդհանրապես կօգնեն, որ մոլորակն ավելի կանաչ դառնա:
Կառուցված ջրամբարը հարմարեցված է բնական ռելիեֆին։ Այստեղ ներդրվել են նորարարական և ծախսարդյունավետ տեխնոլոգիաներ ու լուծումներ։ Ջուրը գյուղի վերին հատված կմղեն հատուկ պոմպի միջոցով՝ առանց էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու:
Լեռնիկ Աբրահամյան (Լեռնավանի ջրամբարի կառուցման գլխավոր ինժեներ) - Ջրամբարը կառուցվել է շատ հարմար, շատ հարմար տեղ ա ընտրված, որովհետև սարերից եկող ջուրը էս պարզարանով լցվում ա ջրամբար։ Օգտագործվել են նոր տեխնոլոգիաներ՝ գեոմեմբրանային ծածկույթ՝ միլիմետրուկես հաստությամբ, որը շատ անգամ էժանացնում ա աշխատանքը՝ բետոնային աշխատանքների համեմատ։
Ջրամեկուսիչ թաղանթով պատված՝ 4 000 խորանարդ մետր ծավալով ջրամբար է կառուցվել նաև մարզի Շենավան բնակավայրում, որը նույնպես պատրաստ է շահագործման: Սուբվենցիոն միջոցներով կառուցվել է 12 կմ երկարությամբ ոռոգման ջրի ցանց Շենավանում և 17 կմ երկարությամբ ցանց՝ Լեռնավանում, որոնք կնպաստեն երկու բնակավայրերի մշակովի հողատարածքների վերականգնմանը։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան