Սա մեր Մուշականն ա, սա Աթոյան փողոցն ա, մոտավորապես այ էս ամբողջական 4.6 կմ-ը, էս դեղին գիծը որ նշված ա, էս տարածքն ա:
Ներկայացվող տարածքը Էրեբունի վարչական շրջանում նոր կոյագծի անցկացման հետագիծն է: Մոտ 1600 բնակիչ ունեցող Մուշականում ու հարակից թաղամասերում հիմնադրման օրվանից նման ենթակառուցվածք չի եղել:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Էն տարածքները, որոնք ի սկզբանե, նախապես Երևանում չեն եղել, հետագայում՝ Երևանի ընդլայնումից հետո են մտել Երևանի կազմի մեջ, էդ տարածքներում հիմնականում չկան կոյուղագծեր:
Բնակիչները տարիներ շարունակ ստիպված են եղել կա՛մ միանալ այլ թաղամասերի կոյագծերին, կա՛մ որպես կոյուղի օգտագործել բակերում փորված փոսերը, որոնց տհաճ հոտը մշտապես զգալ է տվել: Բնակիչները
հիմա հույս ունեն, որ կկարգավորվի նաև այդ խնդիրը:
Անժելա Մատինյան (Մուշական թաղամասի բնակիչ) - Հատկապես երեկոյան ժամերին, երբ շոգ է լինում, նույնիսկ որպես սեփական տուն չես կարողանում քո բակում նստես, այ տենց հոտ ա լինում: էն հոտը, որ ամառվա շոգին էստեղ լինում ա, հիմա չի լինի:
Թամարա Սարգսյան (Մուշական թաղամասի բնակիչ) - 18 տարի ա՝ մենք բնակվում ենք էստեղ, ու կոյուղի չկա: Մենք մեր տնից ներքև մեր ուժերով քաշել ենք, ունենք կոյուղի, բայց կոնկրետ չի եղել, էլի:
Մուշական թաղամասից մինչև Աթոյան փողոց անցնելու է հիմնական ցանցը, որին հետագայում միանալու են այն թաղամասերը, որոնք ևս չունեն կոյագծեր: Խնդրի լուծման ֆինանսական կողմը պետությունն իր վրա է վերցրել:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Ներկայացրնք Կառավարությանը ծրագիրը, և Կառավարությունը ամբողջությամբ ֆինանսավորում է այս ծրագրի իրականացումը: 240 մլնը տրվելու է կոյուղագծի անցկացմանը:
Կոյագծի 300 մ-ն արդեն պատրաստ է, նախատեսվում է աշխատանքն ավարտել մինչև տարեվերջ:
Արման Միրզոյան («Էմօշին» ՍՊԸ շինարարության աշխղեկ) - Շինաշխատանքներն սկսվել են մոտ 10 օր առաջ, շատ արագ են տեղի ունենում: Ժողովուրդը շատ ուրախ է, շատ են սպասել նման նախագծի, մեզ էլ են շատ աջակցում:
2020-2022 թթ. Երևանում կառուցվել ու վերակառուցվել է 11 կմ կոյուղագիծ ու հեղեղատար համակարգ: Միայն այս տարի ծավալը շուրջ 14 կմ է:
Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան