2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը՝ խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի օրակարգում: Աճել են տրանսֆերտները, դեպի Ռուսաստան արտանահումը՝ ներկայացրեց գլխավոր ֆինանսիստն ու թվերով խոսեց: Այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեպի ՌԴ արտահանումը դոլարային ցուցանիշով աճել է 348 տոկոսով:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Մենք այստեղ զգալի ավելացում ունենք նաև հայկական ապրանքների արտահանման մեջ, որը շուրջ 70 տոկոսային կետով անդրադարձել է, ունենք զբոսաշրջիկների էական աճ՝ 81.2 տոկոս, որին ամենամեծ նպաստ ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները: Ուրախալի է նաև այն, որ այլ երկներից՝ առանց ՌԴ-ի, ունենք էկան աճ, որը 140 հազարից դարձել է 215 հազար:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ տնտեսական ակտիվության բարձր տեմպով է սկսվել տարին՝ 12.2 տոկոս աճ, գնաճային ճնշումները թուլացել են, գործազրկությունը կրճատվել է 16.4 տոկոսով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատած:
Վահե Հովհաննիսյան - Միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.9 տոկոսով՝ կազմելով 261 500 դրամ, պետական հատվածում՝ 189 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 292 հազար դրամ: Իրական աշխատավարձը 7.2 տոկոս գնաճի պայմաններում աճել է 14.6 տոկոսով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստան ներմուծումը առաջին եռամսյակում մոտ 89 տոկոսով ավելացել է, իսկ արտահանումը՝ 2.3 անգամ, բայց արտաքին առևտրի սալդոն շարունակում է մնալ բացասական, այն ներմուծմանը զիջում է 918 մլն դոլարով:
Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ՝ 2023 թվականին շարունակել են աճել պետբյուջեի եկամուտները:
Վահե Հովհաննիսյան - Շարունակել է աճել բարձր տեմպերով՝ պայմանավորված բարձր տնտեսական աճով և հարաբերականորեն բարձր գնաճով: Ծախսերը առաջին եռամսյակում աճել են, սակայն ծրագրվածի համեմատ էական թերակատարում է գրանցվել՝ հատկապես կապիտալ ծախսերի առումով: Մեր հարկերի հավաքումը, տնտեսական աճին զուգահեռ, տեղի է ունեցել ավելի դանդաղ տեմպերով, և ծախսերի թերակատարման հետևանքով մենք ունենք բացասական ազդակ:
Նախարարն օրենսդիր իշխանությանը նաև պետական պարտքի ցուցանիշներն է զեկուցել. դրամային արտահայտությամբ աճել է 45.6 մլրդ դրամով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 261.7 մլն դոլարով: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճն, ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է Կառավարության պարտքի 251.7 մլն դոլարի աճով, որը գրանցվել է ներքին պարտքի աճի հաշվին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին պետական պարտքը 5.9 տոկոս աճ է արձանագրել: Հաշվետվությունը խորհրդարանական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց:
ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԴԵՄ
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներն էլ քննարկեց: Նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանը վստահեցրեց՝ օրենսդրական նախաձեռնության հաստատման պարագայում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ: Նա հիշեցրեց, որ մասնավոր համակարգում արդեն իսկ խաղամոլությունն աշխատանքից ազատելու հիմք է: Պատգամավորի դիտարկմամբ՝ պետության համար կարևոր համակարգերում, ինչպիսիք են զինվորական, անվտանգության ծառայությունները, պետք է խաղամոլներին արգելել աշխատելը:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Էդ մարդկանց հետ աշխատանքային պայմանագրերը կարողանանք խզել: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախևառաջ խաղային և բանկային քարտային հաշիվները նույնականացնելու հնարավորություն ունենալ:
Հարակից զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդգծեց, որ Հայաստանում վերջին երկու տարիներին խաղադրույքների ծավալը կրկնակի աճել է, և ահագնացող աճի դեմ պետք է պայքարել: Նախագիծը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Հեղինակ՝ Անի Օհանյան